Qualcomm ամերիկյան բարձր տեխնոլոգիական ընկերության բաժնետոմսերի արժեքը բարձրացել է այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարել է  Apple-ի հետ Qualcomm-ի արտոնագրային իրավունքների խախտման մասին վեճը կարգավորող համաձայնագրի ստորագրման մասին:

Ապրիլի 16-ի երեկոյան գործարքների ավարտին NASDAQ բորսայում Qualcomm-ի մեկ արժեթղթի գինը հասել է մինչեւ 70.45 դոլարի, ինչը 23.21 տոկոսով ավելին է նախորդ գործարքների ավարտի համեմատ (57,18 դոլար):

Բորսային գործարքների ավարտից հետո Qualcomm-ի բաժնետոմսերի արժեքը շարունակել է աճել՝ գերազանցելով 75 դոլարի նիշը: Այսպիսով արժեթղթերի ընդահնուր գինը բարձրացել է ավելի քան 31 տոկոսով, գրում է  ՌԲԿ-ն:

Գործարքի շրջանակում Apple-ը պարտավորվել է Qualcomm-ին պարգեւատրում վճարել, որի գումարը չի բացահայտվում եւ լիցենզիոն պայմանագիր է ստորագրել Qualcomm տեխնոլոգիայով չիպերի ստեղծման համար ռոյալթիների վճարման մասին:

Պայմանավորվածությունը ենթադրում է նաեւ ընկերությունների միջեւ բոլոր դատավեճերի դադարեցում, որոնք երկու տարի պայքարում էին դատարաններում Qualcomm-ի արտոնագրային տեխնոլոգիաների իրավունքների համար:

Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2019 թվականի ապրիլի 1-ին եւ կգործի վեց տարի, որից հետո այն կարող է երկարաձգվել եւս երկու տարի: Միեւնույն ժամանակ, Qualcomm-ը Apple-ին կմատակարարի իր չիպսեթերը: Qualcomm-ում ենթադրում են, որ համաձայնագիրը թույլ կտա բարձրացնել ընկերության եկամուտները մեկ բաժնետոմսի համար մոտ 2 դոլարով:

2019 թ. մարտի կեսերին Սան Դիեգոյի դատարանը Apple-ին պարտավորեցրել էր արտոնագրի խախտման պատճառով Qualcom-ին վճարել մոտ 31.6 մլն դոլար: