ԱՄՆ-ին դուր չի գալիս Վրաստանի եւ Իրանի հարաբերությունների ջերմացումը: Այդ մասին հայտարարել է Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն, գրում է «Գրուզիա online»-ը` վկայակոչելով «Կվիրիս պալիտրա» թերթը:
Փորձագետի խոսքով, Պենտագոնը տեղեկություններ ունի, որ Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով թմրանյութեր են առաքում Թուրքիա: «Ամերիկացիներին ապշեցնում է Վրաստանով տարվող թմրանյութերի ծավալը, եւ նրանք լավ հասկանում են, որ Աֆղանստանից եկող թմրանյութերը Եվրոպա են հասնում Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով: Այդ ամենին նպաստում է Վրաստան-Իրան առանց վիզայի ռեժիմը, որը եւս անհանգստացնում է Նահանգներին»,- նշել է Արեշիձեն եւ հավելել, որ ԱՄՆ պատկան կառույցներն արդեն նախազգուշացրել են Վրաստանին հնարավոր վատ հետեւանքների մասին:





























