Ջավախքի Ասպնջակի (Ասպինձա) շրջանի միակ հայաբնակ գյուղում՝ Դամալայում, ապրիլի 20–ին տեղի ունեցավ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը և «Դամալայի օր» տոնախմբությունը:
Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի եւ Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ գործարարներ, տարբեր երկրներից ժամանած հյուրեր և լաբորատորիայի սաներ:
«Ոչ պաշտոնական, մի խումբ պատգամավորներով եկել ենք մասնակցելու այսչափ կարեւոր միջոցառմանը, ինչո՞ւ կարեւոր, որովհետև գիտենք, որ Արցախում, Հայաստանի Հանրապետությունում եւ Ջավախքում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներն արդեն մի քանի հարյուրի են հասնում։ Մենք պետական մակարդակով նաև շատ կարեւորում ենք այս ինժեներական լաբորատորիաների խմբակների գոյությունը»,– ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի տնօրեն Սամվել Մկոյանի խոսքով՝ դպրոցականների մոտ գնալով հետաքրքրությունն ավելանում է եւ ամեն տարի ներգրավվածությունը մեծանում է։
«Մենք ընդհանուր առմամբ նախատեսում ենք մինչեւ 2020թ. վերջ Ջավախքում բացել 20 հատ «ԱրՄաթ»։ Նշեմ, որ արդեն մոտ հիսուն երեխա գրանցվել են դասընթացներին եւ հաշվի առնելով նախորդ «ԱրՄաթ» լաբորատորիաների ակտիվությունը, կարող ենք ասել, որ շատ արագ տեմպն ավելանում է, մասնակիցների քանակն ավելանում է, հետաքրքրությունը մեծանում է»,–ասաց Սամվել Մկոյանը։
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանի խոսքով՝ գյուղի ծննդյան օրն առաջին անգամ համատեղում են Սուրբ Հարության տոնի հետ, եւ այդ առիթով աշխարհի տարբեր անկյուններից դամալացիներն ու հայությունը հավաքվել են գյուղում, որպեսզի միասին մեծ շուքով նշեն գյուղի ծնունդը։
«Դամալան արդեն բոլորում է 200–ամյակը։ Այսօր Հոլանդիայից, Իսպանիայից եկած դամալացիներ ունենք, ռուսաստանաբնակ, հայաստանաբնակ։ Ես այսօր եկել եմ ամբողջ գերդաստանով՝ երեխաներս, թոռնիկներս, հարազատներս։ Կարծում եմ՝ ոչ միայն դամալացիների, այլև Ջավախք աշխարհի, հայոց բոլոր մեր հարազատ բարեկամների համար Ջավախքը պետք է դառնա ուշադրության, հոգածության կենտրոն»,–ասաց Սահակյանը։
«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան հնարավորություն է տալիս դպրոցականներին անվճար հիմունքներով սովորել ինժեներություն, եռաչափ մոդելավորում, ծրագրավորում, ռոբոտաշինություն, ինչպես նաև մասնակցել մասնագիտական մրցույթների, տեխնոլոգիական ճամբարների, ծանոթանալ Հայաստանի ու Ջավախքի մյուս դպրոցականների հետ, փոխանակվել գիտելիքով ու փորձով և նորարար գաղափարներ իրագործել։











