Ադրբեջանին եւ Թուրքիային հաջողվել է իր հակահայ քաղաքականության մեջ ներքաշել Վրաստանին, ինչի արդյունքում այդ երկրում ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության հարցն Ադրբեջանի համար երկրորդական խնդիր է դարձել։ Այս մասին մարտի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը։

Նրա խոսքով, որպեսզի այդ խնդիրների բարձրաձայնմամբ չնեղացնի Վրաստանի իշխանություններին, Ադրբեջանը ջանում է, որքան հնարավոր է, այդ երկիրն օգտագործել հակահայ տարածաշրջանային ծրագրերում։ «Աբսուրդ է, սակայն երբ Վրաստանի ադրբեջանցիների ասամբլեայի ղեկավարը այդ երկրում ադրբեջանցիների խնդիրների մասին հայտարարելուց հետո, Բաքու ժամանելուն պես ձերբակալվում է։ Հանուն հակահայ քաղաքականության՝ Ադրբեջանը պատրաստ է ժամանակավորապես փակել աչքերը Վրաստանի ադրբեջանցիների վատ վիճակի վրա»,- ամփոփեց նա։