ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մարտի 10-ին ԵԱՀԿ առաքելությունը նախատեսում էր երկու դիտարկում անցկացնել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արեւելք եւ Ակնա բնակավայրի մերձակայքում` Ասկերանի ուղղությամբ:
Թանձր մառախուղով պայմանավորված վատ տեսանելիության պատճառով առաջին դիտարկումը չի կայացել:
Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի առաջարկով Ասկերանի ուղղությամբ իրականացրած դիտարկման ժամանակ ադրբեջանական կողմը, ի տարբերություն ղարաբաղյան կողմի, ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջնային գծի` նախօրոք փոխհամաձայնեցված կետ, ինչի արդյունքում դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկումն իրականացնել ավելի հեռավոր տարածությունից:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը (Հունգարիա) եւ Քրիստո Քրիստովը (Բուլղարիա):
Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ դաշտային օգնականներ Վիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա) եւ Ժասլան Նուրտազինը (Ղազախստան):
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:





























