Պաշտոնական այցով Լատվիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 10-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել Լատվիայի վարչապետ Վալդիս Դոբրովսկու հետ եւ քննարկել Հայաստանի եւ Լատվիայի միջեւ տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք ընդգծել են, որ դրա համար բավարար ներուժ եւ անհրաժեշտ նախադրյալներ կան, որոնք պետք է լիարժեքորեն օգտագործել: Հեռանկարային է համարվել զբոսաշրջության, մետալուրգիական արդյունաբերության եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը: Զրուցակիցները կարեւորել են հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը եւս:
Նախագահ Սարգսյանը եւ վարչապետ Դոբրովսկին խոսել են նաեւ տարբեր մակարդակներով հաճախակի փոխայցելությունների, ակտիվ շփումների, երկու երկրների գործարարների միջեւ կապերի ամրապնդման մասին, ինչին, զրուցակիցների համոզմամբ, լավագույնս ծառայում են գործարար համաժողովները: Այդ համատեքստում կարեւորվել է Երեւան-Ռիգա կանոնավոր չվերթի իրականացումը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում այցելել է նաեւ հայկական եկեղեցի, որտեղ հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ժամանակ նա նշել է. «Ես իմ առջեւ համեստ խնդիր եմ դրել ձեզ փոխանցելու մեր ժողովրդի, մեր Հայրենիքի ողջույնները, բարեմաղթանքները եւ մեկ անգամ եւս հաստատել, որ անկախ նրանից, թե որտեղ է ապրում հայը` Ռիգայում, թե Վիլնյուսում, Փարիզում, թե Լոս Անջելեսում, Երեւանում թե Վանաձորում, մենք մեկ ազգ ենք, եւ մեր ուժը կայանում է մեր միասնության մեջ»:
Նախագահի խոսքով, որքան հզոր լինի Սփյուռքը, այնքան հզոր է լինելու Հայաստանը եւ որքան հզոր լինի Հայաստանը, այնքան հզոր է լինելու Սփյուռքը:
Հանրապետության ղեկավարը ուրախությամբ է նշել, որ հայ համայնքի ներկայացուցիչները, լինելով լատվիական հասարակության մի մաս, չեն մոռացել իրենց Հայրենիքը, իրենց մայրենի լեզուն, կրոնը:
Ավարտելով երկօրյա պաշտոնական այցը Լատվիա` Սերժ Սարգսյանն այսօր վերադարձել է Երեւան:




























