Մեծ Բրիտանիայում Յորքսի հերցոգ, արքայազն Էնդրյուի շուրջ սկանդալ է հասունանում։

«Հերցոգ եւ բռնապետ. Արքայազն Էնդրյուի «սերտ բարեկամությունը» բռնապետ-միլիարդատիրոջ հետ». նման վերնագրով  հոդված է լույս տեսել The Daily Mail-ում։ Խոսքն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասին է։ Պարբերականի տվյալներով, 5 տարվա ընթացքում արքայազնն Ադրբեջանում եղել է 8 անգամ։

«Ամենաքիչը երկու անգամ Էնդրյուն Ադրբեջան մեկնել է մասնավոր այցով։ Տեղական լրատվամիջոցները կարծում են, որ նա ներդրումներ է արել այդ երկրում, սակայն բուկինգհեմյան պալատը կտրականապես հերքում է այդ լուրը»,- ասված է հոդվածում։

«Ալիեւն ու արքայազն Էնդրյուն, ինչպես ասում են, «մոտ ընկերներ» են»։ «Երեւում է՝ նրանք ընդհանուր հետաքրքրություններ եւ հումորի զգացում ունեն։ Էնդրյուն միշտ ծիծաղում է Իլհամի կատակների վրա, իսկ վերջինս հիմնականում կատակում է կանանց հաշվով»,- ասված է հոդվածում:

2001 թվականից արքայազնը արտաքին առեւտրի եւ ներդրումների գծով Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչն է։ Հատկանաշական է, որ Էնդրյուն ընկերություն  էր անում միլիարդատեր եւ մանկապղծության մեջ մեղադրվող Ջեֆրի Էփսթեյնի հետ։