ԵՏՄ-ն պատրաստ է ԵՄ-ի հետ կառուցողական երկխոսությանը: Այս մասին ապրիլի 30-ին Երեւանում տեղի ունեցած ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: 

Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ մինչեւ վերջին ժամանակները Եվրամիությունը Եվրասիական միության հիմնական գործընկերն էր, սակայն իրավիճակը փոխվեց քաղաքական որոշումների հետեւանքով: Սարգսյանի խոսքով՝ ԵՏՄ-ն հարաբերություններ է զարգացնում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ, սակայն եվրոպական ուղղությունը շարունակում է մնալ հիմնական: Այս հարցում հիմնական խնդիրները վերաբերում են ստանդարտներին, տեխնիկական կանոնակարգին, նորմատիվներին, հակադեմպինգին:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը նշեց, որ եվրոպական կողմը ԵՏՄ-ին որպես սուբյեկտ է ճանաչել, ինչի մասին եղել է համապատասխան հայտարարություն, որը թույլ է տվել նախարարների մակարդակով աշխատել թվարկված ուղղություններով: Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ ԵՏՄ ամրապնդումը կնպաստի ԵՄ-ի հետ երկխոսության առաջմղմանը: