Պետք չէ հանգստանալ այն փաստով, որ 2010-ին 9 տոկոսանոց աճ է արձանագրվել արդյունաբերության ոլորտում, քանի որ հիմքը ցածր էր: Այս մասին տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների մասին խորհրդակցության ժամանակ նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հավելելով. «Մենք այս տարի պետք է ունենանք շատ լուրջ արդյունքներ»:
«Այս տարի ես ակնկալում եմ նաեւ աճ շինարարության բնագավառում: Այն ծրագրերը, որ մենք սկսել ենք եւ սկսելու ենք, լավ հիմք են, որպեսզի աշխուժություն լինի շինարարության բանագավառում: Արդեն իսկ նախատեսված միջոցները բավարար են, որպեսզի մեր շինարարության բանագավառն այս տարի ունենա լուրջ աճ: Քաղաքաշինության նախարարը ու նաեւ տրանսպորտի եւ կապի նախարարը պետք է այստեղ հանդես գան այս ծրագրերը արագացնողի դերում: Պետք է նայել, թե արդյոք այն փոփոխությունները, որ մենք անում ենք` տարբեր լիցենզիաներ, թույլտվություններ փոփոխելով, դրանք օգուտ են բերո՞ւմ, թե` ոչ: Վերջիվերջո, մարդիկ պետք է մեկ դաշտ ունենան, այդ դաշտին հարմարվեն եւ աշխատեն»,- ասել է Սերժ Սարգսյանը:
«Կառավարության վերջին նիստերի ընթացքում բազմաթիվ լիցենզիաներ է վերացրել, կարգեր փոխել, բայց այդ մասին պետք է իմանան բոլորը, հատկապես նրանք, ովքեր զբաղված են շինարարությունով:
Ավանդական խոսք կա` ասում են, որ պետական ծրագրերը պետք է լոկոմոտիվի դեր կատարեն, բայց մենք հսկայական ծրագրեր ենք իրականացնում, եւ չգիտեմ ինչու` լոկոմոտիվը չի երեւում: Քաղաքաշինության, Տրանսպորտի եւ կապի նախարարներն այնպես պետք է անեն, որ այս տարի այդ լոկոմոտիվը երեւա»,- ասել է երկրի ղեկավարը, նշելով, որ ծրագրերի ձախողման կամ անհարկի ձգձգման պարագայում ոչ մի արդարացում չի ընդունվելու:





























