«ԱՀԱԶԱՆԳ» նախաձեռնության անդամները այսօր՝ մայիսի 2-ին, Ազգային ժողովի բակ էին բերել հավեր՝ այդպիսով՝ իրենց բողոքն արտահայտելով եկամտային հարկի համահարթեցման նախագծի դեմ։

Նախաձեռնության անդամները իրենց հետ բերել էին՝ «Մեզ հավի տեղ մի դրեք» գրառումներով պաստառներ։

«Պետք չէ մեզ հավի տեղ դնել։ Իրականում դուք հարվածում եք երկրի սոցիալական արդարությանը, իսկ մենք այդ սոցիալական արդարության պաշտպաններն ենք։ Մենք ահազանգ ենք հնչեցնում եւ հայտարարում, որ համահարթեցում չի լինելու»,–նշեց նախաձեռնության անդամներից  Քրիստինե Վարդանյանը։

«Մենք կարծում ենք, որ կառավարությունը ՀՀ քաղաքացիներին հավի տեղ է դնում՝ հասարակության նեղ շերտի շահերը պաշտպանող նախագիծը որպես բարձր աշխատավարձ ստանալու խրախուսմանն ուղղված քայլ ներկայացնելով:

«ԱՀԱԶԱՆԳ» նախաձեռնությունը «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին կոչ է անում դեմ չգնալ հասարակության մեծամասնության շահերին եւ կողմ չարտահայտվել նեղ խմբի շահերը սպասարկող օրինագծին:

«Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորներին «ԱՀԱԶԱՆԳ» նախաձեռնությունը կոչ է անում հետամուտ լինել նախագծի հետկանչմանը եւ նոր, հասարակության լայն շերտերի շահերը պաշտպանող նախագծի ներկայացմանը: Ընտրողների ձայների 70%-ը ստացած ուժն իրավունք չունի հարվածել այդ նույն մեծամասնությանը:

«Բոլոր այն պատգամավորներին, ովքեր չեն կարողանում պատկերացնել նախագծի ուղղակի ազդեցությունը ցածր եկամուտ ունեցող եւ հասարակության 65%-ը կազմող մարդկանց կյանքի վրա, կոչ ենք անում այսօր տուն գնալ երթուղային տաքսիներով, խոշոր սուպերմարկետների փոխարեն առեւտուր անել փոքր խանութներից եւ ուշադրություն դարձնել խանութի այլ հաճախորդների եւս, պարզապես շրջել Երեւանի արվարձաններով կամ ՀՀ մարզերով: Վստահ ենք` այս պրոֆիլակտիկայից հետո հնարավոր կլինի ամբողջական պատկերացում կազմել թեկուզ մի քանի հազար դրամի` մարդկանց կյանքի վրա ունեցած ուղղակի ազդեցության վերաբերյալ»,–նշված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ կառավարության կողմից առաջարկվող Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկվում է կիրառել եկամտային հարկի համահարթեցում՝ սահմանելով 23 տոկոս, այնուհետեւ եկամտային հարկի դրույքաչափը մինչեւ 2023 թվականը աստիճանաբար նվազեցնել 20 տոկոս:

Հավելենք, որ «Ահազանգ» նախաձեռնությունը ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության նախաձեռնությունն է եւ նպատակ ունի պայքարել եկամտահարկի համահարթեցման դեմ:

https://www.youtube.com/watch?v=biHwk071maU&feature=youtu.be