ԵԱՀԿ Մինսկի խմբի` ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հետաքննություն իրականացնելու նախաձեռնությունը կարելի է միայն ողջունել, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:
Միաժամանակ նա նշել է, որ հետաքննության օբյեկտիվությունը կախված է լինելու այն նախաձեռնողների շահագրգռվածությունից եւ ղարաբաղյան հակամարտության կողմերի` գործընթացին աջակցելու պատրաստակամությունից: «Այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շահագրգռված են շփման գծում միջադեպերի օբյեկտիվ հետաքննությամբ, կասկած չի առաջացնում: Միաժամանակ` կասկած է հարուցում գործընթացին աջակցելու Ադրբեջանի պատրաստակամությունը` հաշվի առնելով ողջ բանակցային գործընթացում Բաքվի ապակառուցողականությունը»,- հայտարարել է Աթանեսյանը:
Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո իրականացվող` շփման գծում միջադեպերի հետաքննությունը մեկ անգամ եւս վկայում է բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներգրավման անհրաժեշտության մասին:
Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խումբը շփման գծում հետաքննության անցկացում էր նախաձեռնել: Այդ նպատակով համանախագահները հաջորդ շաբաթ կայցելեն տարածաշրջան: Պաշտոնական Երեւանն արդեն ողջունել է միջնորդների նման նախաձեռնությունը:





























