Եթե ԵՄ-ը չկարողանա օգնել Իրանին ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու հարցում, միջուկային գործարքը կիմաստազրկվի եւ Թեհրանը կարող է վերանայել դրանում իր մասնակցությունը, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը:
«Եթե Իրանի շահերն ապահովվեն ՀՀԳԾ-ում, իսկ ԵՄ-ը հավատարիմ մնա իր պարտավորություններին, Իրանը կկատարի պայմանագրով սահմանված դրույթները»,-ասել է Զարիֆը:
Նրա խոսքով՝ Իրանի ժողովրդի համբերությունն անսահման չէ, իսկ միջուկային գործարքում երկրի մասնակցությունը կախված է Թեհրանի շահավետությունից եւ ԵՄ-ի վարքագծից:
«Երբ ԵՄ-ն ի վիճակի չի լինի օգնել Իրանին պատժամիջոցներին հակազդելու հարցում, հնարավոր է, ՀՀԳԾ-ում Իրանի միակողմանի ներկայությունը կորցնի իր իմաստն ու նշանակությունը: Այդ պարագայում հնարավոր է վերանայվեն ընդունված սահմանափակումները ՀՀԳԾ-ի շրջանակներում »,-հավելել է նախարարը:





























