Ես չեմ կարծում, որ Արցախի իշխանությունը պաշտոնապես աջակցություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին, դա իշխանության մեջ գտնվող անհատների աջակցություն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է որ կմիանա նոր ստեղծվող ընդդիմությանը եւ Արցախի իշխանություններն էլ աջակցություն են հայտնել նրան:
«Որեւէ մտավախություն չկա, ես միայն ուրախ եմ որպես իշխանության ներկայացուցիչ, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է իր շուրջը միավորել ընդդիմությանը: Չեմ կարծում, որ դա կստացվի, որովհետեւ ինձնից էլ լավ գիտեք մարդկանց վերաբերմունքը եւ պարոն Քոչարյանի վարկանիշը»,-ասաց նա՝ հավելելով, որ հավանական չի համարում, որ Քոչարյանի շուրջ կարող է ընդդիմադիր բեւեռ ձեւավորվել:
Ինչ վերաբերում է Արցախում ՀՅԴ-ի կողմից կազմակերպված ֆորումին, որին մասնակցում էին նաև Քոչարյանի կողմնակիցները Ալեն Սիմոնյանն ասաց. «ՀՀ իշխանության աջակիցը հայ ժողովուրդն է: Թե ով որտեղ կհավաքվի, իրար որտեղ կենաց կասեն, իրար ով նամակ կգրի, իրենց հին օրերը կհիշի, դա իրենց խնդիրն է: ՀՀ իշխանության ամենամեծ դաշնակիցը ՀՀ ժողովուրդն է: Ես ինձ ավելի լուրջ մրցակից եմ համարում մեր գործող ընդդիմությանը, խորհրդարանական մեր ընդդիմության գործընկերներին, իսկ նախկին բեկորները, որ միավորում են մի նպատակով, որ փրկեն այն ամենը, ինչ ժամանակին արել են, փրկեն իրենց, ինձ դա չի հետաքրքրում»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
«Դա իրենց գործն է, իրենց խնդիրը, Հայաստանի Հանրապետությունը եւ իր ներքին գործերն ունի՝ Քրեական դատավարության օրենսգիրքը, մնացածը, Հայաստանի գործն է, իսկ մնացածի մասով դատարանն իր պատասխանը միանշանակ կտա»,-ընդգծեց Սիմոնյանը:











