Հայաստանի իշխանությունները նախ պետք է հանրաքվեի միջոցով պարզեն քաղաքացիների վերաբերմունքը երկրի՝ Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու հարցին և միայն դրանից հետո պաշտոնական հայտ ուղարկեն Բրյուսել։ Նման կարծիք նոյեմբերի 9-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։
«Տրամաբանությունը հուշում է, որ նախ պետք է հանրաքվե անցկացնել և հարցնել ժողովրդին, իսկ հետո պաշտոնական հայտ ներկայացնել Բրյուսել, այլ ոչ թե հակառակը, ինչպես վերջին շրջանում հրապարակավ պնդում է Հայաստանի ղեկավարությունը», — ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է դիվանագետը։
Պանկինը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ եվրոպական ինտեգրման ձգտումը հակասական իրավիճակ է ստեղծել։ Նրա գնահատմամբ՝ տնտեսական առավելությունները, որոնք Երևանը ստանում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցության շնորհիվ, օգտագործվում են մեկ այլ միավորմանը միանալու գաղափարն առաջ մղելու համար։
ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ համաժողովրդական քվեարկության անցկացումը կհամապատասխաներ Հայաստանի հետագա ինտեգրացիոն ուղեգծի որոշման սահմանադրական կարգին։ Միաժամանակ նա մտավախություն է հայտնել, որ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելուց հետո քաղաքացիների կարծիքն այլևս հաշվի չի առնվի։
Դիվանագետը նաև հիշեցրել է Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքներին նվիրված զեկույցի մասին։ Նրա խոսքով՝ նման սցենարը դիտարկվում է բացառապես որպես ծայրահեղ միջոց՝ միավորման մյուս մասնակիցների տնտեսական անվտանգությունը պաշտպանելու համար։





























