Հարավկովկասյան երկաթուղում դեռ չգիտեն՝ որքան կաճեն ներդրումները Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքներում հայ-թուրքական սահմանի բացման դեպքում: Ինչպես Երեւանում կայացած ասուլիսում հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Մարատ Խակովը, ՀԿԵ ներդրումները հայ-թուրքական սահմանի բացման պարագայում, իհարկե, կաճեն, բայց դժվարացավ ասել թիվը: Նա խոսքերով, ՀԿԵ ղեկավարությունը դեռ չի քննարկել այդ հարցը: Նա ընդգծեց, որ ՀԿԵ ղեկավարությունը մեծամասամբ ձգտում է մեծացնել ներդրումների ծավալը մասնավոր կապիտալի հաշվին: Խակովը հայտարարեց, թե տեղյակ չէ ավելի վաղ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի եւ Ռուսական երկաթուղու տնօրեն Յակունինի հրապարակած 603 միլիոն դոլար թվի մասին, որ պետք է լրացուցիչ ներդրվեն Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքներում Թուրքիայի հետ սահմանը բացելու դեպքում:
Նա նաեւ նշեց, որ սահմանի բացման դեպքում ՀԿԵ-ն երկու օրում շարժակազմեր կուղարկի Թուրքիա 10-15 կմ ժամ արագությամբ՝ հաշվի առնելով երկաթգծի վիճակը: Իսկ արդեն սահմանային «Ախուրյան» կայարանում, որտեղ ՀԿԵ-ն այս տարվա հոկտեմբերից սկսելու է լոգիստիկ կենտրոնի կառուցումը՝ ներդնելով 50 մլն ռուբլի, բեռները կտեղափոխվեն թուրքական շարժակազմեր, քանի որ ռուսաստանյան եւ թուրքական երկաթուղային շարժակազմերի չափորոշիչները տարբերվում են:
Հայաստանից Թուրքիա բեռնափոխադրումների սկզբնական ծավալը, ըստ Խակովի, կկազմի 1-2 մլն տոննա: Սահմանի բացման դեպքում Հայաստանից Վրաստան եւ հակառակը փոխադրումների ծավալը կկրճատվի 25-30 տոկոսով: Նշենք, որ Երեւանում հոկտեմբերի 1-ին կկայանա «Հարավկովկասյան երկաթուղու» եւ Վրացական երկաթուղու միջեւ կամակցման նիստը: «Հանդիպման հիմնական նպատակն է լիարժեք համագործակցություն սկսել ՀԿԵ եւ Վրացական երկաթուղու միջեւ»,- ասաց Խակովը:




























