Օդեսայի շրջանի նախկին ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ կաջակցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որը վերադարձրել էր իր ուկրաինական քաղաքացիությունը:

«Հպարտանում եմ Ուկրաինայով: Հույս ունեմ, որ չենք կորցրել հնարավորությունը, որը մեզ տվել են ընտրությունների արդյունքները… Մենք պետք է կենտրոնանանք Ուկրաինայի ապագայի եւ հաջողության վրա, քայլեր ձեռնարկենք բարեփոխումներ սկսելու համար: Կա երիտասարդ տաղանդավոր նախագահ երիտասարդ թիմով, մենք բոլորս պետք է աջակցենք նրան»,- «ՆԱՇ» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Սաակաշվիլին:

Նրա խոսքով՝ ինքը քաղաքական ամբիցիաներ չունի, իսկ «վրեժն իր ոճի մեջ չէ»:

Սաակաշվիլին նաեւ հայտնել է, որ մտադիր է վերադառնալ Վրաստան, սակայն այժմ դա նրան թույլ չի տալիս «ռուսամետ ռեժիմը»:

«Զելենսկու վերաբերմունքը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք նոր քաղաքական գործիչների եւ այլ մտածելակերպի հետ: Ես աջակցում եմ նրանց եւ կարծում եմ, որ նրանք հաջողակ կլինեն»,- հավելել է Սաակաշվիլին: