Հայաստանի համար շատ կարեւոր է ԵՏՄ արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցների համար ամփոփիչ ճեպազրույցում:

Վարչապետը նշեց այն փաստի խորհրդանշականությունը, որ հոբելյանական գագաթնաժողովը տեղի է  ունեցել մի քաղաքում, որտեղ 5 տարի առաջ ստորագրվել է ԵՏՄ մասին համաձայնագիր: «Իհարկե, օրակարգում կան որոշ հարցեր, որոնք դեռ պետք է համաձայնեցվեն, հստակեցվեն: Սակայն մենք եկել են համաձայնության, որ այս հարցերով մենք կշարունակենք աշխատել մեր կառավարությունների միջեւ», - ասել է նա:

Նրա խոսքով, ներկայումս բանակցություններ են  ընթանում  ԵՏՄ եւ Սինգապուրի, Եգիպտոսի, Սերբիայի, Հնդկաստանի եւ Իսրայելի միջեւ. «Շատ կարեւոր է, որ մենք բոլորս ունենք քաղաքական կամք, որպեսզի աշխատենք այդ  բոլոր ուղղություններով»:

 Փաշինյանը տեղեկացրեց, որ ԵՏԲԽ հաջորդ նիստը տեղի կունենա 2019 թ. հոկտեմբերի 1-ին Երեւանում:

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական նիստն անցկացվեց նեղ եւ լայն կազմով եւ նվիրված էր երկու տարեթվերին` ԵՏՄ մասին պայմանագրի կնքման 5-ամյակին եւ եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակին:

 Հանդիպման երկրորդ մասում միության պետությունների ղեկավարներին միացավ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը որպես ԵՏՄ դիտորդ պետության ղեկավար, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը՝ որպես պատվավոր հյուր, ինչպես նաեւ գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:

Բացի այդ, միջոցառմանը ներկա էր Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, որը դարձավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ:

Օրակարգում ընդգրկված էին ինտեգրման, մակրոտնտեսության, երրորդ երկրների հետ միջազգային տնտեսական համագործակցության, առեւտրի, էլեկտրոէներգետիկայի, մաքսային կարգավորման, ֆինանսական քաղաքականության, ծառայությունների միասնական շուկայի, Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունների թվայնացման, արդյունաբերական համագործակցության, մրցակցության եւ մի շարք այլ հարցեր:

ԵՏԲԽ-ի անդամները համատեղ հայտարարություն են ընդունել Միության համաձայնագրի ստորագրման հինգ տարվա կապակցությամբ, ԵՏՄ-ի միասնական էլեկտրականության շուկայի ձեւավորման վերաբերյալ միջազգային համաձայնագիր: Քննարկվել է  նաեւ թվային օրակարգի իրականացումը, 2019-2020 թվականներին ԵՏՄ երկրների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշները եւ այլ հարցեր: