Օդեսայի շրջանի նախկին ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին վերադարձել է Ուկրաինա: Նրան տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Բորիսպոլ» օդանավակայանում, հաղորդում է «112 Ուկրաինա»-ն:

Սաակաշվիլիին դիմավորել են նրա տասնյակ երկրպագուներ, լրագրողներ եւ իր «Նոր ուժերի շարժում» կուսակցության գործընկերները:

Նրան դիմավորողները վանկարկել են՝ «Միշա, Միշա», «Փառք Ուկրաինային», լուսանկարվել են նրա հետ եւ հնչեցրել Ուկրաինայի օրհներգը:

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին վերադարձրել է Սաակաշվիլիի ուկրաինական քաղաքացիությունը: Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է աջակցել նորընտիր նախագահին, սակայն քաղաքական ամբիցիաներ չունի:

Սաակաշվիլին ուկրաինական քաղաքացիություն էր ստացել 2015 թվականին եւ նշանակվել էր Օդեսայի շրջանի ղեկավարի պաշտոնում, սակայն 2017 թվականի Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն զրկել էր նրան քաղաքացիությունից: Սաակաշվիլիին արգելվել էր Ուկրաինա մուտք գործել մինչեւ 2021 թվականը: