Facebook-ը Հումքային ապրանքների ֆյուչերսային առեւտրի հանձնաժողովի՝ դերիվատիվների ամերիկյան շուկայի կարգավորիչի (CFTC) հետ  սեփական թվային արժույթի ստեղծման մասին բանակցություններ է սկսել:

CFTC ղեկավար Քրիստոֆեր Ջանկառլոն ասել է, որ կարգավորիչը դեռ նախնական բանակցություններ է վարում Facebook-ի հետ՝ հասկանալու համար՝ արդյոք ընկերության ծրագրերը նրա իրավասության տակ են գտնվում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Facebook-ն աշխատում է թվային վճարումների համակարգի ստեղծման ուղղությամբ, որը սոցցանցի օգտատերերին թույլ կտա միմյանց գումար ուղարկել, գնումներ կատարել նրա հարթակում, Instagram եւ  WhatsApp հավելվածներում, ինչպես նաեւ համացանցում:

Facebook-ի ծրագրերում է նաեւ այսպես կոչված stablecoin-ը՝ թվային ակտիվի ստեղծումը, որն ինչպես սպասվում է կստանա  GlobalCoin անվանումը:

Facebook-ը դիմում է կենտրոնական բանկերին եւ կարգավորիչներին՝ հույս ունենալով թվային վճարումների եւ սեփական թվային արժույթի վճարումների համակարգի ստեղծման մասին որեւէ խորհուրդ  ստանալ:

Վերջերս ընկերությունն այդ նյախագիծը քննարկում էր Անգլիայի բանկի ղեկավար Մարկ Քառնիի հետ, հաղորդում է Financial Times-ը:

Անցյալ ամիս Facebook-ը նաեւ հայտարարել էր գովազդի համար սահմանափակումների մեղմացման մասին, որոնք կապված են իր հարթակում կրիպտոարժույթների եւ բլոքչեյն նախագծերի հետ: