Հայաստանից Ռուսաստան արտահանման հնարավորությունները բավականին լայն են: Հունիսի 6-ին Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար  Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանում հայկական ապրանքների նկատմամբ վերաբերմունքը դեռ բավականին բարյացակամ է:

«Ռուսական շուկայում դեռեւս մեծ հեռանկարներ կան հայկական արտահանման ընդլայնման համար: Եվ դրան պետք է դրական վերաբերվել», - ասաց Խաչատրյանը:

Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովն աշխատում է ապրանքների համար միասնական բրենդի ուղղությամբ եւ ԵՏՄ ցանկացած երկրից արտադրողները կկարողանան դրա անվան տակ  արտադրանք թողարկել, որպեսզի այն ավելի ճանաչելի դարձնեն:

 «Մեր արտադրողները, ցանկության դեպքում, նույնպես կկարողանան օգտվել այդ հնարավորությունից», - ասաց Խաչատրյանը: