Հայաստանի Ազգային ժողովի շրջանակներում ԵՏՄ-ի հարցով լսումների անցկացումը վկայում է եվրասիական ինտեգրման հարցերին Հայաստանի խորհրդարանի վերաբերմունքի լրջության մասին: Հունիսի 10-ին  «ԵՏՄ-ում Հայաստանի նախագահության տարի. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ դա նաեւ վկայում է հայ պատգամավորների հետաքրքրվածության մասին այն հարցում, որպեզի տվյալ ինտեգրումը շարունակվի, զարգանա եւ գործնական արդյունքներ տա:

 «Ինձ շատ դուր եկավ, որ արդեն այս փուլում հրավիրվել է փորձագետների, գործարար համայնքի ներկայացուցիչների լայն շրջանակ, այսինքն այնպիսի մարդկանց, ովքեր զբաղվում են  այդ հարցերով եւ իրենց վրա զգում են ինտեգրման ազդեցությունը՝ ինչպես դրական, այնպես էլ որոշակի փուլում, հնարավոր է՝ բացասական», - նշեց Կոպիրկինը:

Դեսպանը վստահություն հայտնեց, որ տվյալ պրակտիկան կշարունակվի նաեւ ապագայում, քանի որ դա թույլ է տալիս ավելի լավ հասկանալ նաեւ բուն եվրասիական ինտեգրումը եւ այն, թե ինչպես են այն ընկալում Հայաստանում:

Կոպիրկինը հավելեց, որ եվրասիական ինտեգրումը ուղղված է Եվրասիական միության անդամ երկրների հաամալիր զարգացմանը, ինչպես նաեւ նրանց տնտեսությունների արդիականացմանը եւ դիվերսիֆիկացմանը՝ ժամանակակից աշխարհում մրցունակության բարձրացման համար:

«Կարծում եմ, որ դա սկզբունքորեն կարեւոր կետ է, որը մեր միությունը դարձնում է բավական յուրահատուկ միություն: Դրան նպաստում է նաեւ այն ներուժը, որը կուտակվել է միասնական տնտեսությամբ մեկ միասնական պետությունում մեր տասնամյակների համատեղ կյանքի ընթացքում », - եզրափակեց ՌԴ դեսպանը: