Այս պահին ընդդիմության երթի բազմահազարանոց մասնակիցները արդեն մտել են Ազատության հրապարակ: Մինչ այդ նրանք շրջափակել էին Ազատության հրապարակը, իսկ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը բանակցություններ էր վարում ոստիկանության ներկայացուցիչների, մասնավորապես փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանի հետ, որպեսզի վերջիններս խաղաղ կերպով թույլ տան, որ երթի մասնակիցները մուտք գործեն Ազատության հրապարակ:
Ի վերջո, բացվել են հրապարակի բոլոր մուտքերը: Ցուցարարները ծափողջյուններով են ճանապարհել հրապարակը լքող ոստիկաններին:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարները հրապարակ են մտել սկզբում Թումանյան փողոցի կողմից, ապա բացվել են նաեւ բոլոր ճանապարհները:
Ժողովուրդը ոգեւորության մեջ է եւ բացականչում է «Հիմա-հիմա»:
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում մի քանի հարյուր ոստիկան էր կանգնած` սաղավարտներով եւ մահակներով:
Նախքան երթի մուտքը Ազատության հրապարակ՝ այնտեղ էր գտնվում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի հովհաննիսյանը, ով հացադուլ է հայտարարել: Այստեղ էին նաեւ «Ժառանգության» պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, նաեւ «Սարդարապատ» շարժման անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը 2008թ. մարտից մերժել է ընդդիմության բոլոր իրազեկումները` Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու վերաբերյալ:




























