Ապրանքների եւ սպասարկումների արտահանման եւ ներմուծման հաշվարկների մոտ 74 տոկոսը ԵՏՄ շրջանակում կատարվում է ազգային արժույթներով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ազգային արժույթների ավելի քան 98 տոկոսը բաժին է ընկնում ռուսական ռուբլուն։ Դա օբյեկտիվ է, որովհետեւ հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնության շուկան է, որտեղ իրացվում են միության գործընկեր երկրների ապրանքները։ «Ե՛վ վաճառել, ե՛ւ գնել ռուսական շուկայում հարմար է ռուբլով»։
Խոսելով ԵՏՄ-ի համար վճարային համակարգի ստեղծման գաղափարի մասին՝ Սարգսյանը նշել է, որ այդ հարցում ԵՏՀ-ն կողմնորոշվում է ազգային կենտրոնական բանկերի դիրքորոշման ուղղությամբ, եւ նրանցից սպասում ենք առաջարկություններ, որովհետեւ դրանք, նախ, նրանց լիազորություններն են։ «Այժմ խոսքը միասնական վճարահամակարգի ստեղծման մասին չէ միության շրջանակում։ Միեւնույն ժամանակ, ուզում եմ նշել, որ 2018 թվականի դեկտեմբերին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինը առաջարկեց «մշակել ԵՏՄ-ում հաշվարկային ենթակառուցվածքի ստեղծման հարցը՝ արդի ֆինանսական տեխնոլոգիաների օգտագործմամբ»։ Հիմա մեր ֆինանսական կարգավորիչները հանձնաժողովի աջակցությամբ ձեռնամուխ են եղել այդ հարցի իրականացմանը։ Ուզում եմ նշել եւս մեկ կարեւոր բան։ Մենք հույս ունենք, որ այս տարի կառավարությունների եւ պետությունների ղեկավարների քննարկմանը կներկայացվի միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգը։ Ես կարծում եմ, որ այդ հայեցակարգը պատասխան կտա շատ հարցերի, այդ թվում եւ ԵՏՄ ֆինանսական տարածքում վճարահաշվային հարաբերություննեի զարգացման վեկտորի մասին»։
Նրա խոսքով՝ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստին կամ մեկ նիստ հետո, գուցե Սոչիում, ինչ-որ տեղ սեպտեմբեր-հոկտեմբերին մենք արդեն առարկայորեն կքննարկենք հայեցակարգը։ «Կենտրոնական բանկերը եւ մեր երկրների կառավարությունները ԵՏՀ մասնակցությամբ վաղուց զբաղվում են այս հարցով։ Պետությունների ղեկավարները համապատասխան հանձնարարություն նրանց տվել են 2016-ի դեկտեմբերին, Սանկտ Պետերբուրգում, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։ Մենք հույս ունենք, որ առաջիկայում մենք կստանանք հայեցակարգի համաձայնեցված նախագիծը»։





























