ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն իր կույր հետքերն ու պատրանքներն ունի՝ կապված արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հետ, սակայն նրանք կտրված են իրականությունից, հատկապես՝ ԱՄՆ-Իրան ճգնաժամի հարցում, գրում է Business Insider-ը: 

«Որոշ դաժան իրողությունների ընդունումը կարող է օգնել կանխել աղետն ու պաշտպանել ԱՄՆ շահերը, նույնիսկ եթե մենք վստահ չենք, որ վարչակազմը կկարողանա կամ նույնիսկ կցանկանա դուրս գալ փակուղուց:

Առաջին հերթին, ներկայիս ճգնաժամը կապ ունի միջուկային համաձայնագրից դուրս գալու Թրամփի որոշման հետ:

Սակայն մի շփոթվեք՝ ԱՄՆ-Իրան վեճը դեռ վաղուց է սկսվել: Իրանը կոպտորեն խախտում է մարդու իրավունքները: Դա ռեպրեսիվ, ավտորիտար եւ գաղափարապես ծայրահեղական ռեժիմ է, որն ամեն տարի ավելի շատ մարդ է սպանում, քան այլ երկիր, բացի՝ Չինաստանից:

Սակայն միակողմանի դուրսբերումը խորանում է սխալ եւ վտանգավոր մոլորությամբ. վարչակազմը կարծում է, որ պատժամիջոցների եւ ճնշման միջոցով Իրանին կստիպի կապիտուլացնել, սակայն դրա փոխարեն Իրանը մեկուսանում է ԱՄՆ-ից, եւ պատերազմի ռիսկ է առաջանում: Այժմ Իրանը սպառնում է դադարեցնել համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունների իրականացումը:

Երկրորդ հերթին, վարչակազմի ռազմավարությունը կապ չունի ինչ-որ իրատեսական կամ հետեւողական նպատակների հետ: Թրամփը, հավանաբար, ցանկանում է տնտեսապես ճնշել Թեհրանին, որպեսզի ստիպի նստել բանակցային սեղանի շուրջ: Սակայն նախագահի քաղաքականությունն ու հռետորաբանությունը չի կարող Իրանի առաջնորդներին ստիպել հավատալ, որ նրանք կարող են լավ արդյունքների հասնել:     

Բացի այդ, նախագահի խորհրդականները, պետքարտուղար Մայք Պոմպեոն ու ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հույս ունեն առավելագույն ճնշումն օգտագործել՝ Իրանին սադրելու այնպիսի գործողությունների, որոնք առիթ կհանդիսանան ԱՄՆ ռազմական հարվածների կամ ռեժիմի տապալման համար:

Սակայն առավելագույն ճնշումը չի գործում: Այլ կերպ ասած՝ վարչակազմի ռազմավարությունը վատագույններից է բոլոր տեսանկյուններից, եւ Թեհրանը սպիտակ դրոշ չի ծածանի ու չի զիջի:

Երրորդ հերթին, կա տպավորություն, որ վարչակազմի մեծ մասն ուղղորդվում է ներքին քաղաքականությամբ եւ նախագահի էգոյով եւ ոչ թե ազգային շահերով: Երբ գործը հասնում է մարդու իրավունքների խախտմանը, Իրանը ոչնչով լավը չէ Հյուսիսային Կորեայից, որն ի տարբերություն Իրանի արդեն ունի միջուկային զենք:

Թրամփը գովում է Կիմ Չեն Ընին, փոխադարձ նամակագրոթյունը նկարագրում ինչպես սիրային նամակներ եւ ջերմ ընդունում բարձր մակարդակով: Մասնակիորեն դա կապ ունի Հյուսիսային Կորեայի հետ գործարք կնքելու ցանկաւոթյամբ: Իսկ Իրանը Թրամփը դիտարկում է որպես վատ ժառանգություն, որը մնացել է Օբամայից: նույնիսկ եթե լուրջ բանակցությունները վերսկսվեն, առավել հավանական արդյունք կլինի միջուկային համաձայնագրում փոփոխությունները: Այս պահին այդ հնարավորությունը դեռ չկա: Իրանը տնտեսական աջակցության կարիք ունի, սակայն ԱՄՆ-ը չի ցանկանում, իսկ եվրոպացիները՝ չեն կարող:

Հնարավոր է, որ պատերազմից հնարավոր լինի խուսափել: Այս պահին, սակայն, կա իրական ռիսկ, որ ԱՄՆ-ն ու Իրանը մայրուղու վրա հավի խաղ կխաղան, եւ կողմերից որեւէ մեկը չի վերահսկի վիճակը: Ամրացրեք անվտանգության գոտիները՝ ճանապարհը հարթ չի լինի»: