Նոր Նորքում «Մասիվցի Անդիկ» մականունով հայտնի 46–ամյա Անդրանիկ Հարությունյանի սպանությունը իրարանցում է առաջացրել իրավապահ համակարգում եւ քրեական աշխարհում։ Բանն այն է, որ վերջին տասը տարում Հայաստանում «օրենքով գող» չէր սպանվել։ 2009 թվականին Արարատի մարզի Գոռավան գյուղում իր տան դիմաց դիմահար կրակոցով սպանվել էր «Մարսո» մականունով հայտնի օրենքով գող Մարզպետունի Պետրոսյանը։ Եվ ահա այս դեպքից 10 տարի անց՝ 2 օր առաջ Երեւանում սպանվեց ոչ պակաս հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանը։ Մինչեւ այս պահը իրավապահներին չի հաջողվել պարզել սպանության շարժառիթը եւ հայտնաբերել սպանությունը կատարողին։ NEWS.am-ի տեղեկություններով՝ սպանության գործով հարցաքննվել են շենքի բնակիչները, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնել են, որ ոչ ոքի չեն տեսել, ոչ մի բան չգիտեն։ Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն՝ «օրենքով գողին» սպանել է վարձու մարդասպան։

NEWS.am–ի տրամադրության տակ հայտնվել է Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի Ձորաղբյուրում գտնվող տան վրա մեկ տարի առաջ տեղի ունեցած հարձակման բացառիկ կադրերը, որտեղ երեւում է, թե ինչպես են առանձնատուն ներխուժում ինքնաձիգերով զինված եւ դիմակավորված 3 անձ։ Արման Մկրտումյանն ու նրա որդին՝ Գոռը, դուրս են գալիս բակ եւ փորձում վնասազերծել հանցագործներին։ Գոռը գազային ատրճանակով կրակում է հանցագործներից մեկի դեմքին, ապա նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվում, հայր եւ որդի Մկրտումյաններին հաջողվում է վնասազերծել հանցագործներից մեկին, մյուս երկուսը դիմում են փախուստի։ Ավելի ուշ մյուս երկու հանցագործները նույնպես հայտնաբերվում են եւ կալանավորվում։ Գործը ներկայումս դատարանում է։

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր կառավարության մոտ էին գնացել՝ պահանջելով ազատ արձակել 2–րդ նախագահին։ Նրանք պնդում էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քոչարյանի նկատմամբ քաղաքական վենդետա է իրականացնում։

Տեղեկանալով, որ վարչապետը կառավարության շենքում չէ, եւ պաշտոնական այցով գտնվում է Վիետնամում, Քոչարյանի աջակիցները կարճ ժամանակ անց դադարեցրին բողոքի ակցիան, հայտարարելով՝ պատահական չէ, որ Փաշինյանը սահմանադրության նախօրեին երկրից մեկնել է։

Առաջիկա 10 օրում Սեւանա լճի կանաչ գույնը կքայքայվի եւ կվերանա։ Այս մասին ասել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նա Սեւանի գունափոխումը բացատրել է աղտոտումներով, որի պատճառը լիճ լցվող կոյուղաջրերն են, կենցաղային աղբը եւ տեղումների սակավությունը, ինչի հետեւանքով մեծ գոլոշացում է տեղի ունեցել։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է արել ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները ԼԳԲՏ համայնքի անվտանգությունն ապահովելու համար։ Հռչակագրում նշում է՝  Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի վերջին զեկույցում ասվում է, որ ԼԳԲՏ համայնքի վիճակը Հայաստանում վատագույններից է Եվրոպայում։ Հռչակագրի հեղինակները Հայաստանի իշխանություններին կոչ են անում հրապարակայնորեն դատապարտել սեռական փոքրամասնությունների հանդեպ բռնության եւ ատելության հրահրումը։

Սոցցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել Արագածոտնի մարզում տեղադրված նոր լողավազանի լուսանկարը։ Օգտատերերը կատարվածը համարում են վանդալիզմ։ Բանն այն է, որ լողավազանը տեղադրվել է «Օշականի կամուրջ» կոչվող 18–րդ դարի հուշարձանի տարածքում։ Լուսանկարը որպես գովազդ տեղադրել է այդ տարածքում գործող հանգստյան կենտրոններից մեկը։ Լուսանկարի տարածումից հետո «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ը դիմել է Արագածոտնի մարզպետին՝ պահանջելով ապամոնտաժել լողավազանը։

Հայկական համարանիշերով ավտոմեքենաների երթեւեկությունը Ղազախստանում կսահմանափակվի։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի ներքին գործերի նախարարը։ Այս որոշումը պաշտոնյան բացատրել է նրանով, որ  Հայաստանում գրանցված մեքենաները հաճախ են խախտում ճանապարհային երթեւեկության կանոնները։ Նշենք, որ բացի Հայաստանից սահմանափակումները կտարածվեն Ղրղզստանում եւ Ռուսաստանում գրանցված մեքենանարի վրա։ Մասնավորապես, 10 օրից ավելի Ղազախստանի տարածքում մնալու դեպքում այս երկրների մեքենաների վարորդները ստիպված կլինեն գրանցել իրենց տրանսպորտային միջոցները։

Հունիսի գրանցվել է օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան։ Մասնագետները նշում են, որ հետազոտությունների ամբողջ պատմության ընթացքում ավելի շոգ հունիս երբեք չի գրանցվել։ Եվրոպայում ջերմաստիճանը նորմայից 6–10 աստիճանով բարձր է եղել։ Միացյալ Նահանգների որոշ շրջաններում դժոխային շոգ եղանակ է, Կալիֆոռնիայում օդի ջերմաստիճանը հասել է 40–ի, շոգից նույնիսկ հալվել են բետոնե ճանապարհները։

Դոլարի փոխարժեքը կայուն է, եվրոն էժանացել է։ Հուլիսի 4–ին դոլարի փոխարժեքը կազմել է 477, եվրոյինը՝ 538, բրիտանական ֆունտինը՝ 599, ռուսական ռուբլունը՝ 7.52 դրամ։

Հուլիսի 5–ին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 4–ի ցերեկը բարձրացել է 2–3 աստճանով, 6–7 նույնքան կնվազի։ Մայրաքաղաքւմ վաղը տեղումներ չեն լինի, հուլիսի 6–9–ը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։