Facebook-ը սկսել է ծրագրավորել նոր կրիպտոարժույթը բավականին վաղ շրջանում, բայց միայն հուլիսի 18-ին է ներկայացնելու այն ամբողջ աշխարհին: Սակայն բոլոր նրանք, ովքեր ծանոթ են բիթքոինի հետ, պետք է հասկանան, որ Libra-ն կրիպտոարժույթ չէ եւ պաշտպանված չէ բիթքոինի պես, պնդում է Քոլին Հարփերը VentureBeat-ում, հաղորդում է HighTech+-ը:

Աշխարհում առաջին կրիպտոարժույթը՝ բիթքոինը, ստացել է իր անվանումը, քանի որ դրա գործարքները կոդավորվում են: Այդ իսկ պատճառով գրեթե անհնար է այն կոտրել: Գործարքները գրանցվում են, այսպես կոչված, բաշխված ռեգիստրում, որը պահպանում է մշտապես թարմացվող գրառումները օգտատերերի բոլոր գործողությունների մասին, ինչը նշանակում է, որ ոչ ոք չի կարող խաբել համակարգին ու ծախսել դրանում առկա միջոցները:

Եթե համեմատենք Facebook-ի արժույթը բիթքոինի հետ, պարզ է դառնում, որ դրանց միջեւ կան այնքան ընդհանրություններ, որքան Դաշնային պահուստային հիմնադրամն ունի ոսկու հանքերի հետ:

Ի տարբերություն Bitcoin-ի բաց ռեգիստրի՝ Libra Association-ը փակ համակարգ է, որում թույլատրվում է միայն  հատուկ ընտրություն անցած գործընկերների մուտքը:

Նրանք կկառավարեն գործարքներն ու կապահովեն բլոկչեյնի իրենց տարբերակը: Այժմ գործընկերները 27-ն են, իսկ պաշտոնական մեկնարկից հետո դրանց թիվը կհասնի շուրջ 100-ի:

Դա նշանակում է, որ ընդամենը 100 սերվերներ կապահովեն ցանցը: Իր կառուցվածքով Libra-ն չի կարող լինել ապակենտրոնացած կամ ունենալ Bitcoin-ի նման կայունություն: Այժմ ասոցիացիայի անդամները պետք է վճարեն մուտքավճար 10 մլն դոլարի չափով: Փոխարենը նրանք կստանան արտոնություններ գործարքների ժամանակ եւ դիվիդենտներ Libra Reserve-ից: Այդ պահուստը ներառում է կառավարության կողմից հաստատված ակտիվների՝ արժույթների, բոնդերի եւ արժեթղթերի փաթեթ, որոնցից ստացված տոկոսները կվճարվեն ասոցիացիայի անդամներին նրանց մասնաբաժնին համարժեք չափով:

Ըստ էության՝ դա նույն կենտրոնական բանկն է, սակայն կորպորատիվ տեսակի: Այդ բանկի պահուստները թոքենին տալիս են կայուն արժեք, եւ յուրաքանչյուր թոքենը կարտադրվի կամ կմարվի պահուստի կողմից: Բիթքոինը հաստատված չէ որեւէ ակտիվներով:

Հարփերն ընդգծում է, որ Facebook-ը պարզապես օգտվում է բիթքոինի հեղինակությամբ՝ զարգացնելով կրիպտոարժույթի հետ որեւէ կապ չունեցող պրոդուկտը:

Իրականում, դա արժույթի նոր տեսակ է, որն ի հայտ է եկել որպես պետությունների մենաշնորհի այլընտրանք փողի արտադրության հարցում: Այդ իսկ պատճառով Libra-ի մրցակիցը բիթքոինը չէ, այլ բանկերն են: Ընդ որում՝ Libra-ի օգտատերերի համար գրեթե ոչինչ չի փոխվի, միայն նոր ղեկավարը կլինի ոչ թե Դաշնային պահուստի բանկը, այլ կորպորացիան Սիլիկոնային հովտից: