Facebook-ի՝ սեփական Libra թվային արժույթ ստեղծելու ծրագրերը «լուրջ մտավախություն» են առաջացնում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Դաշնային ռեզերվային համակարգի ղեկավար Ջերոմ Պաուելլը, հաղորդում է Reuters-ը:

«Libra-ն լուրջ մտավախություն է առաջացնում՝ կապված մասնավոր կյանքի անձեռնմխելիության, փողերի լվացման, սպառողների եւ ֆինանսական կայունության պաշտպանության հետ: Դրանք խնդիրներ են, որոնք պետք է մանրամասն ուսումնասիրվեն»,- ասել է նա:

Պաուելլն ակնկալում է, որ ԱՄՆ ֆինանսական կայունության վերահսկողական խորհուրդը նույնպես կքննարկի այդ հարցը: Նրա խոսքով՝ ինքն աջակցում է ֆինանսական նորարարությունները, եթե նշված են համապատասխան ռիսկերը: