Ջեյմի Մեթցլը՝ Ատլանտյան խորհրդի ավագ գիտաշխատողը, աշխարհաքաղաքականության փորձագետը, ֆանտաստ գրողը եւ ԶԼՄ մեկնաբանը, կդառնա Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT 2019) զեկուցողներից մեկը:
«Ջեյմին վերջերս նշանակվել է ԱՀԿ մարդու գենոմի խմբագրման հետ կապված կառավարման եւ վերահսկման համաշխարհային ստանդարտների մշակման հարցերով փորձագիտա-խորհրդատվական կոմիտեում», - ասվում է Facebook-ում WCIT-ի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը։ Համաշխարհային մասշտաբի միջոցառմանը, որը կազմակերպում է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ սպասարկումների համաշխարհային դաշինքը (WITSA) Հայաստանի կառավարության աջակցությամբ, կմասնակցեն փորձագետներ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից, պաշտոնական անձինք եւ առաջատար ՏՏ ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Առաջավոր տեխնոլոգիաների ընկերությունների միությունը։





























