Հայ-ադրբեջանական սահմանագոտում հուլիսի 28-ին վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող կրտսեր սերժանտ Վլադիմիր Օսիպյանի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության, Տավուշի մարզային խորհրդի նախագահ Սարգիս Ալեքսանյանը, ով այցելել է զինծառայողին:

«Փառք աստծո, մեր մարտիկի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում և գտնվում է զինվորականին հարիր հոգեպես բարձր մակարդակի վրա:

Առողջություն և արագ ապաքինում եմ մաղթում հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած բոլոր քաջարի հայորդիներին»,- գրել է Ալեքսանյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 28-ին  ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածքով Նոեմբերյանի ԲԿ է տեղափոխվել 33-ամյա պայմանագրային զինծառայող: Նա վիրավորվել է Ադրբեջանի զինուժի կրակոցից:

«Վիրավորված պայմանագրային զինծառայողը` Վլադիմիր Օսիպյանը,  Նոյեմբերյանի Զորական գյուղից է, նա ստացել է ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածք, նա մեզ մոտ է, վիճակը միջին ծանրության է, առաջիկայում կվիրահատվի»,- հայտնեցին բժշկական կենտրոնից: