Օգոստոսի 2-ին «Երեւան–Սեւան» M4 ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է կամուրջի եթեւեկելի հատվածը: Այս մասին դեպքի վայրից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։

Պայթյունի հետեւանքով վնասվել է երկու ավտոմեքենա՝ Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։  Զոհեր եւ վիրավորներ չկան: Ավտոմեքենաները պայթյունի ընթացքում եթեւեկելիս են եղել կամրջի վրայով:

Պայթյունի պատճառով խցանված է Երեւան-Սեւան ավտոմայրուղին, որի աջակողմյան երթեւեկությունը Կոտայքի մարզի ճանապարհային ոստիկանության կողմից դադարեցված է:

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։

Նշենք, այդ հատվածում է գտնվում «Շշի Մելոյին» պատկանող ապակե տարաների գործարանը։

Ավելի վաղ ԱԻՆ–ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 2-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Վերոնշյալ ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել է դժվարանցանելի:

Իրավապահները պարզում են պայթյունի պատճառները։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: