Չինացի գիտնականները Միացյալ Նահանգներից գործընկերների հետ համատեղ  փափուկ ռոբոտ են մշակել, որն աչքի է ընկնում հատուկ ամրությամբ եւ արագ տեղաշարժվելու ունակությամբ, հայտնում է «Սինհուան»:

Մշակման հիմքում դրված են ուտիճի ֆիզիկական բնութագրերը:

Ռոբոտը չինական Ցինհուա համալսարանի (Պեկին), Պեկինի աերոտիեզերական համալսարանի եւ Բերքլիում Կալիֆոռնիական համալսարանի գիտնականների համատեղ հետազոտությունների արդյունքն է:

«Ռոբոտի երկարությունը 1,5 սմ է, լայնությունը՝ 1 սմ: Այն կարող է տեղաշարժվել նույնքան արագ, որքան ուտիճը, վայրկյանում շուրջ 30 սմ արագությամբ»,- ասել է գիտական աշխատանքի հեղինակներից մեկը՝ Չժան Մինը: «Ռոբոտը նման է թղթի շերտի, այն կարող է բեռներ տեղափոխել, բարձրանալ թեք մակերեւույթով եւ տեղաշարժվել նույնիսկ այն բանից հետո, եթե նրա վրա 60 կգ քաշով մեծահասակ մարդ կանգնի»,- հավելել է գիտնականը:

Նշվում է, որ փափուկ ռոբոտի գլխավոր նորույթը այն պատրաստելիս օգտագործված նյութերն են ու տեխնոլոգիաները: Գիտնականների խոսքով՝ եթե ռոբոտը չափից ավելի փափուկ լինի, այն չի կարողանա տեղաշարժվել, եթե չափից ավելի կոշտ լինի, կկորցնի ամրությունը: Գործակալությունը փոխանցում է, որ մշակողմերին հաջողվել է գտնել «ոսկե միջինը»՝ ռոբոտը փափուկ կառուցվածք ունի, բայց դրա հետ մեկտեղ օժտված է գերամրությամբ եւ տեղաշարժման մեծ արագությամբ՝ այս մեխանիկական ուտիճի «թաթերի» նախագծման յուրահատուկ տեխնոլոգիայի հաշվին:

«Ռոբոտները կարող են կիրառվել այնպիսի ճյուղերում, ինչպես վթարային-փրկարարական աշխատանքները, խողովակաշարերի տեղադրումը, շրջակա միջավայրի մոնիթորինգը, կլինիկական վիրահատությունների անցկացումը,- նշել է Չժան Մինը: - Օրինակ՝ ռոբոտը կարող է ինժեներներին օգնել ավիաշարժիչի նորոգմանը՝ առանց այն ապամոնտաժելու»:

Գիտնականի խոսքով՝ «չնայած ձեռք բերված հաջողություններին, դեռեւս շատ աշխատանք է պետք կատարել մինչեւ ռոբոտ-ուտիճները կկարողանան լայն կիրառություն ստանալ»: