Google-ի սպառնալիքների վերլուծության խումբը միանգամից մի քանի կայքեր է հայտնաբերել, որոնք iPhone-ի օգտատերերի շրջանում վնասակար ԾԱ են տարածել, հայտնում է Vice-ը:

Կիբեռանվտանգության մասնագետներից Իեն Բիրն ընդգծել է, որ այս հարձակման տարբերակող առանձնահատկությունն այն է, որ այն վնասել է առանց բացառության բոլոր iPhone-ները, որոնց տերերն այցելել են վարակված կայքեր:

Google-ում հայտնաբերել են 5 առանձին եւ ամբողջական շղթաներից էքսփլոյթների լրակազմ, որն ազդել է iOS 10-ից մինչեւ iOS 12 օպերացիոն համակարգերով iPhone-ների վրա: Փորձագետների կարծիքով՝ սա ցույց է տալիս, որ չարամիտները փորձել են սմարթֆոններին հասանելիություն ստանալ նվազագույնը վերջին 2 տարիների ընթացքում:

Վարակված կայք այցելելուց հետո iPhone-ում սոֆթ էր տեղադրվում, որը հեռախոսից գողանում էր ֆայլերն ու դրանց մասին տեղեկությունները, ինչպես նաեւ իրական ժամանակում ամեն րոպե չարամիտներին էր ուղարկում գաջեթի գտնվելու վայրի մասին տվյալները: Վնասվել էին նաեւ iMessage-ի նման հավելվածները, որոնց տվյալները նույնպես հաքերներին հասանելի էին դառնում:

Project Zero-ից հայտնել են Apple-ի խնդիրների հայտնաբերման մասին, եւ խոցելիությունը վերացվել էր 2019 թվականի փետրվարի 9-ին թողարկված iOS 12.1.4-ում: Վնասակար ԾԱ-ի հետեւանքով iPhone-ի տուժած օգտատերերի թվի մասին տեղեկություններ չկան: