Այսօր Արցախը տոնում է հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձը։ 1991թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որտեղ ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Բնակչության 99 տոկոսը քվեարկեց հօգուտ անկախության։ Այսօր Ստեփանակերտում էր Հայաստանի քաղաքական վերնախավը՝ ԱԺ նախագահը, արտոգրծնախարարը, պատգամավորներ։ Արցախի նախագահը եւ հյուրեը Ստեփանակերտի հուշահամալիրում ծաղիկներ դրեցին Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին :

Այնուհետեւ Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվեց ռազմական տեխնիկայի եւ սպառազինության ցուցահանդես, ներկայացվեցին նաեւ սեփական արտադրության նոր զինանմուշների ցուցադրություն։

Տնտեսագիտական համալսարանում ոչինչ չի փոխվում՝ բացի ռեկտորներից։ Երիտասարդ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա մրցույթի դեմ մի խումբ դասախոսներ բողոքի ակցիաներ սկսեցին, բացահայտեցին, որ երիտասարդ դոկտորը իր ատենախոսության մեջ գրագողություն է թույլ տվել։ Նրան հեռացրին պաշտոնից, փոխարինելու եկավ Դիանա Գալոյանը՝ իր հետ բերելով նույն սկանդալը, այս անգամ էլ ուսանողները բացահայտեցին, որ նորեկ պաշտոնյան եւս գրագող է։ Ավելի՝ն նրանք այսօր դասադուլ հայտարարեցին՝ պահանջելով ետ բերել ռեկտորի երիտասարդ պաշտոնակատարին, որը ըստ նրանց՝ բարեփոխում էր բուհը։

Այս տարի Հայաստանում, թե քանի երեխա դարձավ դպրոցական, նախարարությունը դեռ չի հաշվել, միայն կանխատեսվող թիվն են հրապարակել՝ մոտ 43 հազար առաջին դասարանցի ունեցանք։ Եղան նաեւ դատարկ դասարաններ մարզերում, իսկ Գեղաքարի դրպոցը, որտեղ մի աշակերտ է սովորում, հնարավոր է փակվի ։ Սեպտեմբերի 1-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ սահմանամերձ Վահան գյուղում էր, առաջին դասարնցիներին նա նվեր էր բերել, միայն թե երեխաները 15-ն էին, նվեր համակարգիչները՝ 13-ը, ճիշտ թիվ չէին զեկուցել վարչապետին։

Երեկ երեկոյան Վայոց ձորի փոխամարզպետ Ռազմիկ Տոնոյանը մտավ ֆեյսբուքյան ուղիղ եթեր՝ քննադատությունների երկար շարքով՝ հիմնականում ուղղված մարզպետին։ Ըստ նախկին փոխմարզպետի՝ հեղափոխությունից հետո մարզպետ դարձած Տրդատ Սարգսյանը իր օրն անցկացնում է ուտել-խմելով, աչք է փակում այն թերացումների վրա, որոնց փաստերը ինքը պաշտոնավարման ժամնանակ հավաքել ներկայացրել էր։ Նախկին պաշտոնյայի  քննադատությունից բաժին հասավ նաեւ համայնքի ղեկավարներին, նրանց, ովքեր, ըստ Տոնոյանի, կեղծ հաստիքներ են պահում ու ընտրվել են «քյաշ» փողով։ Նախկին փոխմարզպետը տհաճ հիշողություններ ուներ նաեւ մարզի ԱԱԾ ղեկավարից, որը ըստ նրա՝ մազպետի սեղանակիցն է ու աջակիցը խնդիրները կոծկելու գործում։

Օգոստոսի 31-ին ահասարսուռ դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Աղբանոցում հայտնաբերվել է մեկամյա աղջկա դի։ Պարզվել է, որ մայրն է երեխային աղբանոց նետել, 20-ամյա կինը իր բնակարանում կպչուն ժապավենով կապել է դստեր ձեռքերն ու ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, ապա երեխային բնակարանից տարել և դրել է մոտակայքում գտնվող աղբարկղերից մեկի մեջ և աղբով փակել նրան, ինչի հետևանքով երեխան մահացել է: Կինը պատճառաբանել է, որ այդ քայլին դիմել է, քանի որ չի կարողացել պահել, կերակրել երեխային։ Սակայն պարզվել է նաեւ, որ մինչ այդ կինը ցանկացել է երեխային հանձնել մանկատուն, այնտեղ նրան առաջարկել են սոցիալական օգնություն, կինը մտափոխվել է, դստեր հետ վերադարձել է տուն։ Նա ձերբակալվել է՝ իր երեխային սպանելու կասկածանքով:

Եվս մեկ ողբերգական վթար․ Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. 2 ուղեւոր զոհվել է, 16 ուղեւոր վնասվածքներ են ստացել, բոլորը Հայաստանի քաղաքացիներ են։ Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին, ժամը 3։10 Թբիլիսիի մոտակայքում։ Հայկական միկրովտոբուսին բախված մեքենան վարել է ադրբեջանցի վարորդ, ըստ նախնական տեղեկությունների՝ նա ղեկին քնել է եւ հանդիպակաց հարվածել միկորավտոբուսին։ Տուժածներից երեքը երեկ տեղափոխվել են Երեւան։ Նրանցից 1-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 2-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 1-ի վիճակը գնահատվում է ծանր, ունի ողնաշարի կոտրվածք, մյուսինը՝ բավարար։ 1 հոգի էլ ստացիոնար բուժման կարիք չի ունեցել և գնացել է տուն։ Այս պահին դեռևս Վրաստանում են գտնվում մեր 2 հայրենակիցները՝ ծայրահեղ ծանր վիճակում, նրանց հարազատները տեղափոխման համաձայնություն չեն տվել։

Դոլարի փոխարժեքն այսօր գրեթե անփոփոխ է, կազմել է 476 դրամ, եվրոն 522 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 575, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 14 դրամ։

Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 3-ին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ։ Մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +27+29։