Իրանցի սահմանապահները Հորմուզի նեղուցում 7 ձկնորսական նավ են ձերբակալել: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ:
«7 ձկնորսական նավ, որոնց անձնակազմում 24 օտարերկրացի է եղել, երեքշաբթի ձերբակալվել են ԻՀՊԿ-ի ուժերի կողմից: Պատճառը ձկնորսության համար թույլատրելի հեռավորության խախտումն է եղել»,- հայտարարությունը մեջբերում է Fars գործակալությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ջասկ նավահանգստի շրջանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հուլիսի 19-ին բրիտանական դրոշի ներքո նավարկող Stena Impero լցանավը կալանավորվել էր իրանական կողմից։ Համաձայն ԻՀՊԿ-ի հայտարարության՝ նավը, որը պատկանում էր շվեդական Stena Bulk ընկերությանը, կալանավորվել էր «միջազգային կանոնների խախտման» հետ կապված եւ ուղեկցվել մինչեւ ափ՝ ստուգման համար։ Լցանավի սեփականատեր, ընկերության ղեկավար Էրիկ Խոնելի խոսքով՝ թիմը կազմված էր 23 անդամից (Հնդկաստանից, Լիտվայից, Ռուսաստանից եւ Ֆիլիպիններից):





























