Թեկուզ Ադրբեջանի ռազմական բյուջեն տասնյակ անգամ գերազանցում է Հայաստանի ռազմական բյուջեին, եւ Ադրբեջանը պարբերաբար ռազմատենչ հայտարարություններ է անում՝ սպառնալով վերսկսել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, միեւնույն է, իրականում նա այդ քայլին երբեք չի գնա։  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս կարծիքն է արտահայտել Ռուսաստանի ռազմական եւ քաղաքական վերլուծությունների ինստիտուտի ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար, փորձագետ Անատոլի Ցիգանոկը։ Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, առաջնահերթ թիրախներ կդառնան Ադրբեջանի նավթային օբյեկտները ինչը Բաքվին շատ դժվար կացության մեջ կդնի։

«Այսօր Եվրոպան նավթային քիչ բարիքներ չի ստանում Ադրբեջանից, հետեւաբար ԵՄ-ն երբեք թույլ չի տա, որ իրադարձությունները զարգանան ռազմական, այսինքն՝ իր համար անբարենպաստ տարբերակով։ ԱՄՆ-ին եւս Հարավային Կովկասում նոր պատերազմը ձեռնտու չէ։ Ռուսաստանը Հայաստանի վաղեմի դաշնակիցն է, իսկ Ադրբեջանի հետ Ռուսաստանը ցանկանում է կասպիական նավթի արտահանման համատեղ ծրագրեր իրականացնել, ինչով էլ կարելի է մեկնաբանել այն փաստը, որ  Մոսկվան երկու երկների հետ էլ լավ հարաբերություններ է ցանկանում պահպանել»,- ասաց Ցիգանոկը՝ նշելով, որ, փաստորեն ղարաբաղյան հակամարտությունում «Ստատուս քվոի» պահպանումը ձեռնտու է թվարկված բոլոր գերտերություններին:

Փորձագետն անդրադարձավ նաեւ Հարավային Կովկասում գործող անվտանգության երաշխիքներին։ «Առաջին հերթին ՀԱՊԿ-ն է, որի անդամներն են Հայաստանն ու Ռուսաստանը, երկրորդը ՆԱՏՕ-ն է, ուր ձգտում են Ադրբեջանն ու Վրաստանը։ Չպետք է մոռանալ նաեւ Շանհայի կազմակերպության երկրների կազմակերպությանը, որը սահմանակից է տարածաշրջանին, եւ որի հնարավոր անդամ է Իրանը, իսկ այս երկիրը Հարավային Կովկասում ծանրակշիռ ազդեցություն ունի»,- նկատեց Ցիգանոկը՝ ընդգծելով, որ շահերի համընկնման այս բարդ իրավիճակում պատերազմական գործողությունների վերսկսում դժվար է կանխատեսել։