Facebook-ը դեռեւս պատրաստվում է թողարկել Libra թվային արժույթը հաջորդ տարի՝ չնայած ամբողջ աշխարհի իշխանությունները կտրականապես դեմ են, հաղորդում է Reuters-ը: Ֆրանսիան եւ Գերմանիան պարտավորվել են արգելափակել Libra-ն Եվրոպայում:

Սոցցանցի ներկայացուցիչ Դեւիդ Մարկուսի խոսքով՝ ընկերությունը չի հրաժարվել իր ծրագրից 2020 թվականին Libra-ն թողարկելու մասին: «Մինչ այդ մենք պետք է ադեկվատ կերպով լուծենք բոլոր հարցերը, ստեղծենք համապատասխան նորմատիվ միջավայր»:

Սոցիալական ցանցերի հսկայի նախագիծը կրիպտոարժույթ եւ մեյնսթրիմ ներգրավելու փորձ է: Libra-ն ապահովված կլինի իրական ակտիվների պաշարով՝ ներառյալ բանկային դեպոզիտներն ու կարճաժամկետ պետական արժեթղթերը, եւ կվերահսկվի 28 անդամներից բաղկացած կազմակերպության կողմից:

Մարկուսն ասել է, որ քիչ հավանական է, որ Libra-ն կդառնա վճարային միջոց ռեգուլյար գործարքների համար իրական աշխարհում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Շվեյցարիան, Գերմանիան կամ Ֆրանսիան:

«Ամեն դեպքում քիչ հավանական է, որ մարդիկ կվճարեն էսպրեսոյի համար Շվեյցարիայում, Գերմանիայում կամ Ֆրանսիայում Libra կրիպտորժույթի միջոցով ապագայում»,-ասել է նա:

Բազմաթիվ երկրների իշխանությունները մտահոգված են, որ Libra-ն կարող է ապակայունացնել համաշխարհային ֆինանսական համակարգը, ազդել ինքնիշխան դրամավարկային քաղաքականության վրա եւ վնաս հասցնել գաղտնիությանը, ինչպես նաեւ կարող է կիրառվել փողերի լվացման համար:

Մարկուսը նշել է, որ չի հավատում, որ Libra-ն կխանգարի դրամավարկային քաղաքականությանը, քանի որ չի ստեղծի որեւէ նոր փող եւ չի ազդի տոկոսադրույքների կամ եկամտաբերության վրա:

Մարկուսի խոսքով՝ Facebook Calibra թվային դրամապանակը, որը թույլ կտա օգտատերերին եւ մատակարարներին կատարել գործարքներ թվային արժույթի միջոցով, հասանելի կլինի ամենուր, որտեղ կհամապատասխանի նորմատիվ պահանջներին:

Facebook-ին հասանելի չեն լինի վերջերս ստեղծված Calibra դուստր ընկերության տվյալները, հավելել է նա: