Հայաստանը նամակ է ստացել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունից`ICAO-ից (International Civil Aviation Organization), որով ICAO-ն Երեւանին տեղեկացրել է Ադրբեջանի անհանգստությունն ու նախազգուշացումները Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման վերաբերյալ: Այդ լուրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:

Վերջինս, սակայն, հրաժարվեց հայտնել նամակի բովանդակության մասին: Նաեւ չմեկնաբանեց, արդյոք Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը պատրաստվո՞ւմ է պատասխանել նամակին եւ ինչ է պատասխանելու:

Նշենք, որ Ստեփանակերտի օդանավակայանը կսկսի գործել մայիսի 9-ից: Բաքվում հայտարարել են քաղաքացիական ինքնաթիռները խփելու մտադրության մասին, ինչը հակասում է  միջազգային կոնվենցիաներին: Հայաստանն ու Ադրբեջանը ICAO (International Civil Aviation Organization) կազմակերպության անդամ են, եւ պարտավորվել են երբեք չխփել քաղաքացիական ինքնաթիռներին:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի-Ռեյի հետ համատեղ ասուլիսում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, թե Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իրավունք ունի օգտվել օդային տրանսպորտից, եւ դա սակարկման ենթակա չէ: «Ինչ վերաբերում է Բաքվի հայտարարությանը, նորագույն պատմության ընթացքում սպառնալիքներ քիչ չեն եղել, բայց կա մեկ «բայց». նման սպառնալիքներ հնչեցրել են ահաբեկչական կազմակերպությունները եւ ոչ պետությունները: Նման սպառնալիքներ լսել պետությունից` մառազմ է, հիվանդ մարդկանց ելույթներ»,- նշել էր նախագահը` հավելելով, որ Բաքվի նման արարքները մեկնաբանությունների կարիք չեն զգում: «Բայց ես հայտարարում եմ, որ առաջին չվերթի առաջին ուղեւորը լինելու եմ ես` Հայաստանի նախագահը»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Այս խնդրին օրերս անդրադարձել է նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ով ասել է. «Նման սպառնալիքները չեն բխում այն սկզբունքներից, որոնք պետք է հաշվի առնի Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»: