«Դիփֆեյքերի» ոլորտում առաջատար փորձագետ Հաո Լին վստահ է, որ առավելագույնը 12 ամսվա ընթացքում կեղծ տեսանյութերը, որոնցում մարդիկ արտահայտություններ են անում, որոնք իրականում չեն արել, անհնար կլինի տարբերել քրոնիկայի իրական կադրերից, հաղորդում է HighTech+-ը:
Հետաքրքիր է, որ Լին ստիպված է եղել «վերահաշվարկել» կանխատեսումը հաշված օրերի ընթացքում. դեռեւս սեպտեմբերի կեսերին, երբ նա ելույթ է ունեցել EmTech համաժողովում, հայտարարել է, որ իդեալական «դիփֆեյքեր» կհայտնվեն մի քանի տարի անց:
Նոր կանխատեսումը նա արել է CNBC-ին տված հարցազրույցում: Լին ասել է, որ 6-12 ամիս է պահանջվում, որպեսզի կարողանան ճանաչել իրականությունից չտարբերվող կեղծ տեսանյութերը:
Կանխատեսման երկրորդ մասն այն է, որ «դիփֆեյքեր» կարող են ստեղծել սովորական օգտատերերն առանց հատուկ տեխնոլոգիաների կամ ունիկալ սարքավորումների:
Հարցազրույցից հետո CNBC-ի լրագրողները խնդրել են հավելյալ մեկնաբանություններ անել: Հաո Լին նշել է, որ իր կանխատեսումն այդքան արագ փոխվել է ««դիփֆեյքերի» նկատմամբ աճող հետաքրքրության», ինչպես նաեւ Zao բջջային հավելվածի առաջընթացի պատճառով: Հավելվածին բավական է օգտատիրոջ մեկ լուսանկար, որպեսզի այն կարողանա լուսանկարը տեղադրել ֆիլմերի հայտնի դրվագներում:
Futurism-ը նշում է, որ եթե Հաո Լին ճիշտ է գնահատում այդ ոլորտում առաջընթացը, ապա «իդեալական դիփֆեյքեր» կհայտնվեն ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի շրջանում: Եվ, հնարավոր է, որ դրանք ազդեն նախընտրական քարոզարշավի ընթացքի վրա:
Հաո Լին այժմ դրանց դեմ «հակաթույն» է փնտրում, սակայն չի նշում, թե դա ինչ տեխնոլոգիա կլինի:





























