Հրազենային վնասվածքներով «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանը գիտակցության է եկել եւ կոնտակտի մեջ է մտնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այստեղից հայտնեցին նաեւ, որ Հակոբյանը հրազենային վնասվածք է ստացել որովայնի եւ ազդրի հատվածներում, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նա բժշկական կենտրոնում գտնվում է ոստիկանական հսկողության տակ:
Հիշեցնենք, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանը մարտի 29-ին, ժամը 12.10-ին, ներխուժել է Նոր-Նորքի Գայի պողոտայի 10/12 հասցեում գտնվող «Կոնվերս բանկի» Նոր Նորք մասնաճյուղ:
Ըստ ոստիկանության հաղորդագրության, ժամը 12.00-ի սահմաններում գլխարկով դեմքը ծածկած վիճակում նա մուտք է գործել նշված բանկի վարչական տարածք եւ «Մակարով» տեսակի ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարել բանկի աշխատակիցների նկատմամբ` հափշտակելով 37800 ՌԴ ռուբլի, 1 միլիոն 724 հազար դրամ, 385 եվրո, 6695 դոլար: Հանցագործությունը կանխվել է նշված բանկում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակցի մասնագիտական բարձր պատրաստվածության եւ բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու շնորհիվ. չնայած զենքի սպառնալիքին, նա գործադրել է իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը:
Դեպքի վայրում հայտնաբերվել եւ առգրավվել է 9 մմ տրամաչափի կրակված 4 պարկուճ, նշված գումարն ամբողջությամբ` 1 փաթեթով:
Արթուր Հակոբյանի մոտից առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակ` 1 պահունակով` 8 փամփուշտով:
Հանգամանքները պարզվում են: Քննությունը վարում է հատուկ քննչական ծառայությունը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի



























