Չինական Huawei Technologies Co Ltd ընկերությունը կսկսի 5G կայանների արտադրությունը առանց ամերիկյան բաղադրիչների։ 5G բազային կայանների ընդհանուր արտադրությունը պետք է ավելանա ավելի քան երկու անգամ հաջորդ տարի, քանի որ ավելի շատ երկրներ են ներդրում այդ տեխնոլոգիան, տեղեկացնում է Reuters-ը։
Ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ռեն Չժենֆեյի խոսքով՝ Huawei-ը 5G բազային կայանների զանգվածային արտադրությունը կսկսի եկող տարի, առանց ամերիկյան բաղադրիչների։ «Մենք թեստավորում ենք անցկացրել օգոստոսին եւ սեպտեմբերին եւ հոկտեմբերից կսկսենք մասշտաբային արտադրությունը»,- ասել է նա՝ ավելացնելով, որ սկզբում կարտադրվի 5G 5000 բազային կայան։
Ակնկալվում է, որ արտադրության տարեկան ծավալը հաջորդ տարի կհասնի 1,5 մլն միավորի՝ 600 հազար միավորի համեմատ, որոնք նախատեսված են այս տարվա համար, այդ թվում արտադրված ամերիկյան բաղադրիչներով եւ առանց դրանց օգտագործման։
Հեռահաղորդակցային սարքավորումների աշխարհում ամենախոշոր արտադրողը մայիսից ներառված է ԱՄՆ սեւ ցուցակում այն մտահոգությամբ, որ նրա սարքավորումները կարող են օգտագործվել Պեկինի կողմից լրտեսության համար։ Huawei-ը քանիցս հերքել է նման մեղադրանքները, բայց քայլեր է ձեռնարկել ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։
Պատժամիջոցները հանգեցրել են կարեւոր տեխնոլոգիաների հասանելիության կորստին, եւ նրա Mate 30 հեռախոսի վերջին վարկածը, օրինակ, չի մատակարարվի Google Mobile Services-ով։
Ռեն Չժենֆեյը նշել է, որ Huawei-ը կցանկանար օգտագործել ամերիկյան բաղադրիչները, եթե դա հնարավոր լիներ, որովհետեւ ընկերությունը «էմոցիոնալ կապեր» ունի ամերիկյան մատակարարների հետ։ Նրա խոսքով՝ ընկերությունը պատրաստ է արեւմտյան ընկերություններին վաճառել 5G տեխնոլոգիաներ, ներառյալ պատենտներ, կոդ, գծագրեր եւ արտադրական նոու-հաուներ մեկանգամյա վճարով։
Բացի այդ, Huawei-ը պատրաստ է լիցենզավորել իր 5G բջջային տեխնոլոգիան ամերիկյան ընկերությունների համար։ Չժենֆեյը նշել է, որ չի վախենում մրցակից ստեղծելուց՝ Huawei-ի տեխնոլոգիան հասանելի դարձնելով մրցակիցների համար։ Առաջարկը կարող է ներառել նաեւ չիփերի դիզայնի նոու-հաուներ, ավելացրել է նա։




























