Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին վճռականորեն դատապարտել է Թեհրանի հասցեին հնչող մեղադրանքները սաուդյան նավթագործարանների վրա հարձակման առնչությամբ, որոնք առաջ է քաշել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը, տեղեկացնում է Mehr-ը։

«Զրպարտչական արշավին աջակցելու փոխարեն Մեծ Բրիտանիան պետք է դադարեցնի վնասել տարածաշրջանային խնդիրներին, զենք վաճառել ագրեսորներին Եմենում եւ մասնակցել այն բանին, որ ՄԱԿ-ն այն ճանաչի մարդկության դեմ  հանցագործություն»,- ասվում է Մուսավիի հայտարարությունում։

Նա դատապարտել է Լոնդոնի մեղադրանքները՝ նշելով, որ Մեծ Բրիտանիան առաջին անգամ չէ, որ այս կերպ է վարվում։

Մուսավին Մեծ Բրիտանիայի քաղաքական եւ ռազմական աջակցությունը Սաուդյան Արաբիային Եմենում պատերազմում անվանել է ագրեսիայի եւ արյունահեղության շարունակման կարեւոր գործոն։ «Ուրիշներին մեղադրելու փոխարեն Լոնդոնը պետք է ճնշում գործադրի իր ռազմաշունչ դաշնակցի վրա, որպեսզի վերջ դնի ավերիչ պատերազմին որքան հնարավոր է շուտ»։

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի փորձը՝ մեղադրանքներ առաջադրել անմիջապես այն բանից հետո, երբ Իրանը ներկայացրել է տարածաշրջանային վեճերի կարգավորման իր նոր նախաձեռնությունը, կոչված է խափանելու այդ ծրագրի հաջողությունը։

«Ավելի լավ կլինի Բրիտանիան դադարի միջամտել տարածաշրջանային ազգերի գործերին եւ թույլ տա նրանց իմաստուն լուծում գտնել՝ վերջ դելու համար շարունակվող հակամարտություններին եւ լարվածությանը, որն առաջ է եկել հիմնականում օտարերկրյա միջամտության հետեւանքով»,- ասել է նա։

«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վճռականապես դատապարտում է Ռաաբի հակաիրանական եւ միակողմանի մեղադրանքները, որոնք հավանության չեն արժանացել որեւէ անկախ մարմնի կողմից, եւ կարծում է, որ նման քարոզարշավներն ընդդեմ Իրանի ոչ մի բանի չեն հանգեցնի»,- ամփոփել է նա։