Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անունից մարտի 31-ի երեկոյան` ի պատիվ Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի, տրվել է պաշտոնական ընթրիք:
«Մենք ցանկանում ենք Շվեյցարիայի Համադաշնության հետ խորացնել մեր տնտեսական հարաբերությունները, ակտիվացնել մշակութային փոխանակումները, ցանկանում ենք, որպեսզի մեր եւ ձեր ժողովուրդներն իրար շատ ավելի մոտիկից ճանաչեն: Այս առումով, համագործակցությունը եւ՛ երկկողմ, եւ՛ բազմակողմ մակարդակներում շատ օգտակար է»,-պաշտոնական ընթրիքի ժամանակ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով, որ Շվեյցարիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Ի պատասխան Շվեյցարիայի նախագահ տիկին Միշելին Կալմի-Ռեյը նշել է, թե այսօր ՀՀ նախագահի հետ ունեցած զրույցի ընթացքում անդրադարձ է եղել երկու երկրների գերազանց հարաբերություններին:
«Սակայն Շվեյցարիայի եւ Հայաստանի փոխհարաբերությունները միայն կառավարության շփումներով չեն սահմանափակվում: Շվեյցարիայում ապրում են հայկական ծագումով բազմահազար մարդիկ: Շվեյցարիայի բնակչությունը մեծ համակրանքով է վերաբերվում հայերին: Պետք է ասել, որ Հայաստանն ըստ արժանվույն է գնահատել Շվեյցարիայի այնպիսի գործիչների, որոնց թվում է հազարավոր որբերի ապաստան տված Յակով Կունցլերը: Մեր երկրների միջեւ բարեկամության դրսեւորումները բազմաթիվ են:
Կուզենայի նաեւ շնորհավորել Հայաստանին՝ այս տարվա Ժնեւի գրքի ցուցահանդեսում պատվո հյուրի կարգավիճակ ստանալու առիթով: Սա հայ գրողներին եւ հրատարակիչներին հնարավորություն կտա իրենց ստեղծագործությունները ներկայացնել ավելի լայն հասարակությանը:
Եւ վերջապես, ինձ համար մեծ պատիվ կլինի, պարո՛ն նախագահ, ընդունել Ձեզ Շվեյցարիայում մայիսի սկզբին պաշտոնական այցի շրջանակներում»,-նշել է Շցեյցարիայի Համադաշնության նախագահը:





























