Թեհրանը կարծում է, որ Եմենի «Անսար Ալլահ» շարժման ապստամբ հուսիները Սաուդյան Արաբիայի դեմ գործում են Եմենի ժողովրդի պաշտպանության օրինական իրավունքին համապատասխան։ Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Եմենի ժողովրդի գործողություններն ընդդեմ Սաուդյան Արաբիայի՝ երկրի օրինական իրավունքն է պատասխանելու ագրեսիային»,- ասել է դիվանագետը, որի ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ։
Նա ավելացրել է, որ «Իրանը պատրաստ է մարդասիրական օգնություն ուղարկել Եմեն», հենց որ հնարավորություն լինի։ «Բայց, ցավոք, այժմ բոլոր ճանապարհները փակ են։ Եմենը գտնվում է պաշարման մեջ»,- ավելացրել է Մուսավին։
Սեպտեմբերի 14-ի գիշերը Saudi Aramco-ի ձեռնարկությունները Սաուդյան Արաբիայի արեւելքում գրոհի ենթարկվեցին անօդաչու սարքերի կողմից։ Պատասխանատվությունը ստանձնեց Եմենի ապստամբ հուսիների «Անսար Ալլահ» շարժումը։ Մասնավորապես, հարձակման ենթարկվեց աշխարհում ամենամեծ նավթարդյունահանող համալիրը Աբքաիկ քաղաքի մոտ, որտեղ ապրում են արեւմտյան մասնագետներ, ինչպես նաեւ նավթավերամշակման գործարանը Հուրայսում, որտեղ գտնվում է թագավորության մեծությամբ երկրորդ նավթահանքը։
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայի իշխանությունները Իրանին մեղադրել են Saudi Aramco-ի նավթագործարանների դեմ գրոհներին հանցակցության մեջ։ Թեհրանը այդ մեղադրանքներն անհիմն է անվանել։





























