Համագործակցության տարիներին ԵՏՄ-ն վստահության մեծ ներուժ է կուտակել։ Այս մասին «ԵՏՄ երկրների եւ նրանց գործընկերների արդյունաբերության արտահանման-ներմուծման հնարավորությունները՝ Եվրասիական մայրցամաքի տարանցման ներուժի հիմք» պանելային նիստում հոկտեմբերի 1-ին ասաց Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը։

Նրա խոսքով՝ դրան զուգահեռ, մշտապես քննարկվում է պատնեշները հանելու հարցը։ «Գլխավոր խնդիրը պետք է լինի ձգտումը՝ դառնալ ոչ թե պարզապես տարանցիկ տարածք, այլ զարգացնել սեփական արդյունաբերությունը եւ օգտագործել ԵՏՄ հնարավորությունները մասնակից երկրների տնտեսությունների զարգացման համար։ Անհրաժեշտ է ավելացնել արտահանման բաժինը դեպի երրորդ երկրներ, իրականացնել արտահանվող արտադրանքի կառուցվածքի փոփոխման աշխատանք՝ մրցունակության բարձրացման նպատակով։ Դրա համար հարկավոր է օգտագործել Չինաստանի հետ համագործակցության տեխնիկական ներուժն ու հնարավորությունները»,- նշել է նա։