Microsoft ամերիկյան կորպորացիան չորեքշաբթի Նյու Յորքում ներկայացրել է Surface Duo ծալովի սմարթֆոնը, որը կարելի է օգտագործել նաեւ որպես պլանշետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Սմարթֆոնը հաշվարկված է Android գործառնական համակարգի համար, ունի երկու էկրան՝ յուրաքանչյուրը 5,6 մատնաչափ տրամագծով։ Բաց վիճակում սարքը կարելի է կիրառել որպես պլանշետ-համակարգիչ՝ 8,3 մատնաչափ էկրանով։ Ծալված վիճակում սմարթֆոնը տեղավորվում է գրպանում։
Երկու էկրանները կարող են միաժամանակ ցուցադրել առանձին հավելվածի աշխատանքը։ Բացի այդ, էկրաններից մեկը կարելի է օգտագործել որպես վիրտուալ ստեղնաշար կամ ջոյսթիկ։ Microsoft-ի գործընկերը Surface Duo-ը ստեղծելիս եղել է Google ընկերությունը։ Սարքի օգնությամբ կարելի կլինի օգտագործել Google play ցանցային խանութում հասանելի հավելվածները։
Ինչպես ասել են Microsoft-ի ներկայացուցիչները, սարքը վաճառքի կհանվի 2020 թվականին։ Նրա որոշ տեխնիկական բնութագրեր առայժմ չեն բացահայտվում։ Օրինակ, պաշտոնապես չի հայտարարվել, թե ինչ պրոցեսոր է այն ունենալու, ինչպես նաեւ կա՞ արդյոք խցիկ հետին վահանակին։ Ամերիկյան Wired ամսագրի տվյալներով՝ Surface Duo-ն ունենալու է Snapdragon 855 պրոցեսոր։
1975 թվականին Բիլ Գեյթսի եւ Փոլ Ալենի կողմից հիմնադրված Microsoft-ը տարբեր սարքերի համար՝ անհատական համակարգիչներից մինչեւ բջջային հեռախոսներ, ծրագրային ապահովման խոշորագույն արտադրողներից է։ Microsoft-ի կենտրոնակայանն ամերիկյան Ռեդմոնդ քաղաքում է (Վաշինգտոն նահանգ)։




























