ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ավստրալիան կոչ են արել Facebook-ին միջանցիկ ծածկագրման համակարգի ներդրման գործում չփակել հանցագործներին հետապնդման հրանավորությունը: Դա կարեւոր է երեխաներին սեռական եւ այլ տեսակի բռնությունից պաշտպանելու համար, ասվում է երեք երկրների կառավարությունների նամակում՝ ուղղված Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգին, հաղորդում է DW-ը:

Նամակում նշվում է, որ միայն 2018 թվականին Facebook-ը հայտնել է երեխաների նկատմամբ բռնության շուրջ 17 մլն ենթադրյալ դեպքերի մասին: Միջանցիկ ծածկագրման ավելացման դեպքում այդ իրավախախտումներից 12 միլիոնը չէին հայտնաբերվի:

Տարեսկզբին Մարկ Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի մտադրության մասին միջանցիկ ծածկագրման համակարգն ընդլայնելու մասին՝ դարձնելով այն WhatsApp եւ Messenger չաթերի, ինչպես նաեւ Instagram հավելվածի համար միասնական տեխնիկական հարթակի հիման վրա

Միջանցիկ ծածկագրման դեպքում հաղորդագրությունների բովանդակությունը տեսանելի է միայն ուղարկողներին եւ ստացողներին: Այն հասանելի չէ անգամ Facebook-ի համար: Արդյուքնում խնդրահարույց եւ արգելված կոնտենտ հայտնաբերելու համար հաղորդագրությունների վերծանումն անհնար է անգամ հատուկ ծրագրերի միջոցով:

WhatsApp-ն արդեն անցել է միջանցիկ ծածկագրմանը, Messenger-ում այդ գործառույթը կարող է ակտիվացվել կարգավորումներ բաժնում:

Դեռեւս տարեսկզբին Facebook-ը հայտարարել է իրավասու մարմինների հետ խորհրդատվություններ անցկացնելու պատրաստակամության մասին այդ համակարգի հետագա ներդրման համար: Messenger-ի ղեկավար Սթեն Չուդովսկին այդ ժամանակ ասել էր, որ անօրինական կոնտենտի դեմ պայքարելիս անհրաժեշտ կլինի ավելի շատ հենվել օգտատերերի ահազանգների վրա: