ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի` ՀՀ մշակույթի նախարար նշանակվելու մասին խոսակցությունները մամուլի հերթական բամբասանքներն են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՕԵԿ կուսակցության մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը: «Կարիք էլ չկա մեկնաբանելու դա: Խորհուրդ եմ տալիս մամուլում տեղ գտած բամբասանքներին լուրջ չվերաբերել»,-ասաց Աբրահամյանը: NEWS.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ անձամբ Հեղին Բիշարյանից, սակայն նա հեռախոսազանգերին չէր պատասխանում:
Ի դեպ, մեկ այլ պատգամավոր` ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը նույնպես հերքել է իր` Սփյուռքի նախարար նշանակվելու մասին լուրերը եւ հայտնել, որ «անհարմար է» այդ մասին խոսել: Աճեմյանն ասել է, որ իր եւ Հրանուշ Հակոբյանի հարաբերությունները շատ նորմալ են, եւ ինքը` Աճեմյանն իրեն պատգամավոր շատ լավ է զգում:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, վերջին օրերին քննարկվում է ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին եւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին պաշտոնանկ անելու հնարավորությունը:
Ըստ տարբեր աղբյուրների, Մշակույթի նախարարի պաշտոնում նշանակվելու է ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը, իսկ Հրանուշ Հակոբյանին փոխարինլու է ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:





























