ԵԱՀԿ Մինսկի խմբի ԼՂ հարակից տարածքներում դաշտային առաքելության զեկույցով, ըստ էության, հերքվեց ադրբեջանական այն ապատեղեկատվություն, որ այդ տարածքներում իբր գործում են այսպես կոչված նարկոթրաֆիքի ուղիներ, որ այդտեղ ատոմային թափոններ են պահեստավորում, կամ ահաբեկչական խմբերի ճամբարներ կան: Այս մասին «Հ1»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Իրականում այդ ամբողջ տարածքը գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ, այնտեղ կա կանոնավոր բանակ եւ ի տարբերություն Ադրբեջանի, որն օգտագործում էր հայտնի միջազգային ահաբեկչական կենտրոնների գրոհայիններին՝ թվով մոտ 2000 հոգի, պատերազմի ժամանակ ղարաբաղյան բանակը հաղթել է կանոնավոր բանակով եւ կամավորներով»,- ասել է Քոչարյանը:

Այնուհետեւ անդրադառնալով շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին ու սադրանքներին, ԱԳ փոխնախարարն ասաց. «Իրականում Ադրբեջանը անընդհատ իրեն մեկուսացնում է նմանատիպ քայլերով: Արվում է մի հսկայական աղմուկ, որից հետո խոչընդոտվում է, որպեսզի ընդամենը քննություն անցկացվի, հենց այդ երեխայի մահվան դեպքը: Չէ որ անհնարին էր հայկական դիրքերից դիպուկահարի համար կրակելու: Դա այնքան մեծ հեռավորության վրա է, եւ այնպիսի վիճակում են գտնվում դիրքերը, որ դա ուղղակի անհնարին է: Պատահական չի, որ ադրբեջանական կողմը ամեն ինչ արեց, որպեսզի այդ հանգամանքը, այդ միջադեպը եւ մի շարք այլ միջադեպեր այդպես էլ չքննվեն, որովհետեւ ճշմարտությունն ի հայտ կգա:

Սա շատ նման այն Խոջալուի դեպքերին: Երբ իրենք կազմակերպելով սպանդը իրենց բնակչության նկատմամբ այն հատվածում, որը շատ հեռու էր ղարաբաղյան բանակի վերահսկողությունից առ այսօր փորձում են անընդհատ թմբկահարել այդ Խոջալուի դեպքերի մասին: Ամեն անգամ նմանատիպ աղմուկ անելուց հետո խուսափելով հենց հետաքննությունից Ադրբեջանն ինքն իրեն մեկուսացնում է, հակադրվում է միջազգային հանրությանը:

Պատահական չէ, որ նա նեղացած է բոլորից, նեղացած է միջնորդներից, Մինսկի խմբից հարեւաններից: Դա որեւէ հեռանկար չունի»: