Հայաստանի եւ Սերբիայի ԱԳ նախարարները Բելգրադում քննարկել են Կովկասում եւ Բալկաններում առկա հիմնահարցերի շուրջ վերջին զարգացումները:
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Բելգրադում է գտնվում պաշտոնական այցով Սերբիա ժամանած ՀՀ նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում, այսօր` ապրիլի 4-ին հանդիպել է Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Յերեմիչին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը նշել է, որ 2009թ. Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի այցելությունը Հայաստան, ինչպես նաեւ Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Սերբիա, նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում, եւ դա վկայում է Սերբիայի եւ Հայաստանի միջեւ համակողմանի համագործակցությունն ավելի խորացնելու եւ ամրապնդելու պատրաստակամության մասին: Հայաստանի ԱԳ նախարարը հավելել է, որ նախարարների մակարդակով պարբերական հանդիպումները հնարավորություն են ընձեռում հետեւելու նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, մտքեր փոխանակելու տարբեր հարցերի շուրջ:
Հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Սերբիայի ԱԳՆ ղեկավարները մանրամասն քննարկել են հայ-սերբական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:





























