Որպես տնտեսական միավորում՝ Եվրասիական տնտեսական միությունն իրեն չի արդարացնում: Այս մասին հոկտեմբերի 24-ին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Նուր Սուլթան տեսակամուրջի ժամանակ ասաց Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերով մշտական հանձնաժողովի նախագահ Վալերի Վորոնեցկին:

Ըստ նրա՝ տնտեսական միությունը ենթադրում է միասնական տնտեսական քաղաքականության մշակում, տնտեսության բոլոր ոլորտներում գործողությունների համակարգում, այդ թվում՝ էներգետիկայում, տրանսպորտում, ստանդարտացման ոլորտում: «ԵՏՄ-ում այս ամենը չկա: Պահպանվում են մեծ թվով մաքսային սահմանափակումներ, մի ամբողջ շարք ապրանքների գծով ընդհանուր շուկա չի ձեւավորվել: Անդամ երկրներն ամբողջ Միության ներուժի ամրապնդմամբ զբաղվելու փոխարեն, վարում են հովանավորչական քաղաքականություն՝ կիրառելով սպառողի մոտեցում»,- նշեց Վորոնեցկին:

Պատգամավորն ընդգծեց ԵՏՄ շրջանակում Ռուսաստանի հատուկ դերակատարումը, որի գործողություններից շատ բան է կախված: